Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակելու մասին։ Այս մասին, ինչպես գրում է «Արմենպրես»-ը, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը, Նիկոլ Փաշինյանին  նշանակել վարչապետ»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:

«Արմենպրես»-ը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018թ. մայիսի 8-ից: 2018թ. հոկտեմբերի 16-ին Փաշինյանը հրաժարական տվեց, ապա խորհրդարանի կողմից երկու անգամ վարչապետ չընտրելու հիմքով դեկտեմբերի 9-ին Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանց արդյունքներով ԱԺ-ում առաջին ուժն «Իմ քայլը» դաշինքն է` 88 պատգամավորով, որն էլ առաջադրել է Փաշինյանի թեկնածությունը գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում:

ՀՀ Սահմանադրության 149 հոդվածի (Վարչապետի ընտրությունը և նշանակումը) առաջին կետը սահմանում է. «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին»:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.