Կրեմլը Վենեսուելայում ստեղծված իրավիճակը համարում է իշխանությունն ուժով բռնազավթելու փորձ

Կրեմլում մեկնաբանել են Վենեսուելայում ստեղծված իրավիճակը՝ այն անվանելով ուժի միջոցով իշխանությունը զավթելու անօրինական փորձ։ Այս մաիսն գրում է Ռիա Նովոստի-ն։

«Վենեսուելայում իշխանությունն ապօրինաբար զավթելու փորձը մենք համարում ենք միջազգային իրավունքին և սկզբունքներին հակասող հակաօրինական քայլ։ Սա մեր հիմնական դիրքորոշումն է», - ասել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ այս հարցով ավելի մանրամասն հայտարարությամբ արդեն հանդես է եկել արտաքին գործերի նախարարությունը։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, թե իրականում ինչպես է Արևմուտքը վերաբերվում միջազգային իրավունքին։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Վենեսուելայում տեղի են ունեցել մի շարք զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպել էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել էին բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է 16 մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.