Եղիսաբեթ Երկրորդը բրիտանացի պատգամավորներին կոչ է անում երկխոսություն սկսել Brexit-ի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Brexit-ի շուրջ երկրում շարունակվող քաղաքական ճգնաժամի ֆոնին կոչ է արել պատգամավորներին քաղաքակիրթ երկխոսություն սկսել և ընդհանուր հայտարարի գալ։ Այս մասին միապետը խոսել է Սենդրինգեմյան կանանց ինստիտուտի 100-ամյանին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթի ժամանակ։

«Իհարկե, յուրաքանչյուր սերունդ բախվում է նոր մարտահրավերների և հեռանկարների։ Երբ մենք փնտրում ենք նոր պատասխաններ արդի ժամանակաշրջանում, ես, օրինակ, նախընտրում եմ փորձված մեթոդները, ինչպիսիք են միմյանց նկատմամբ հարգանքը և տարբեր կարծիքներ լսելու կարողությունը, միասին հավաքվելը և ընդհանուր եզրեր գտնելը։ Ինձ համար այս մեթոդները ժամանակի հետ չեն կորցնում իրենց կարևորությունը, և ես բոլորին խորհուրդ եմ տալիս դա», - հայտարարել է Եղիսաբեթ թագուհին, որն ավանդաբար համարվում է քաղաքականապես չեզոք։

Հունվարի 15-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները հավանության չէին արժանացրել Եվրոպական Միության հետ Brexit-ի պայմանների վերաբերյալ գործարքը։ Քվեարկության ժամանակ 432 պատգամավոր դեմ էր արտահայտվել համաձայնագրին։ Թերեզա Մեյի առաջարկած համաձայնագրին կողմ էր քվեարկել ընդամենը 202 պատգամավոր։ Վերջին 95 տարվա ընթացքում սա ամենախոշոր պարտությունն էր, որը կրում է Մեծ Բրիտանիայի վարչապետը խորհրդարանում։

Ձախողված համաձայնագիրը հաստափոր փաստաթուղթ է, որտեղ հստակեցված չէ Brexit-ի ամենակարևոր հարցերից մեկը՝ Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանային հսկիչ ռեժիմի հարցը։ Կողմերը միայն պայմանավորվել են այդ հարցը լուծել մինչև 2020 թվականը։

Հունվարի 21-ին Թերեզա Մեյը խորհրդարան էր ներկայացրել Brexit-ի այլընտրանքային պլանը։ Այժմ պատգամավորները հնարավորություն ունեն իրենց առաջարկությունները ներկայացնել և մտցնել այդ ծրագրում, սակայն պետք է փաստաթղթի էությունը չփոխվի։ Այս փաստաթղթի քննարկումը կտևի մինչև հունվարի 29-ը։ Նույն օրը տեղի կունենա նաև քվեարկությունը։

Հիշեցնենք, որ Brexit-ը պետք է տեղի ունենա մինչև մարտի 29-ը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.