Ջոն Բոլթոնը Վենեսուելայի իշխանություններին սպառնում է նոր պատժամիջոցներով

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ իրենք շարունակելու են օգտագործել բոլոր հնարավորությունները Վենեսուելայի կառավարության եկամտի աղբյուրները սահմանափակելու համար։ Այս մասին Բոլթոնը գրել է իր թվիթերյան էջում։

«Մենք շարունակելու ենք օգտագործել բոլոր հնարավորությունները, որ Մադուրոյի ոչ լեգիտիմ ռեժիմին կտրենք եկամտի աղբյուրներից, ինչպես նաև ժամանակավոր նախագահ Գուաիդոյին և վենեսուելացի ժողովրդին ապահովենք անհրաժեշտ ռեսուրսներով և աջակցությամբ, որպեսզի Վենեսուելայում վերականգնվի ժողովրդավարությունը», - գրել է Բոլթոնը։

Հունվարի 28-ին ԱՄՆ-ի վարչակազմը հայտարարել է նավթ արդյունահանող PDVSA վենեսուելական ընկերության նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այս ընկերությունը Նիկոլաս Մադուրոյի ֆինանսական հոսքերն ապահովող փոքրաթիվ աղբյուրներից է։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է նաև, որ ամերիկյան ընկերությունները կարող են շարունակել PDVSA-ի հետ համագործակցությունը պայմանով, որ գումարներն ուղարկվեն հատուկ արգելափակված հաշիվներին, որոնց Վենեսուելայի կառավարությունը հասանելիություն չունի։

Այս կերպ ամերիկյան վարչակազմը փորձում է առավելագույն ճնշում գործադրել Մադուրոյի նկատմամբ, որպեսզի վերջինս անցկացնի արտահերթ նախագահական ընտրություններ։

Նիկոլաս Մադուրոն արձագանքել է PDVSA-ի նկատմամբ ԱՄՆ-ի նոր սահմանափակումներին՝ դրանք անվանելով «հակաօրինական և հանցավոր»։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Վենեսուելայում տեղի են ունեցել մի շարք զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպել էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել էին բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.