Թուրքիան ավարտել է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների նախապատրաստությունը

Թուրքիան ավարտել է Սիրիայի հյուսիսում՝ Մանբիջի շրջանում և Եփրատ գետի արևելյան հատվածներում ռազմական գործողության նախապատրաստությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Թուրքական զինված ուժերն ամբողջությամբ ավարտել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության նախապատրաստությունը։ Երբ ժամանակը գա, կձեռնարկվեն ահաբեկիչների դեմ բոլոր անհրաժեշտ միջոցներները Մանբիջում և Եփրատ գետի արևելքում», - Աքարի խոսքերը մեջբերել է թուրքական Anadolu գործակալությունը։

Նրա խոսքով՝ թուրքական բանակը Սիրիայում կռվում է ոչ թե «արաբների կամ քրդերի, այլ ահաբեկիչների դեմ, և հենց նրանք են թուրքական բանակի հիմնական թիրախը»։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք ռազմական գործողություններ կսկսեն Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական զորամիավորումների դեմ, եթե Միացյալ Նահանգները նրանց դուրս չբերի այդ շրջաններից։

Դեկտեմբերի 14-ին Էրդողանի և Թրամփի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո Էրդողանը հայտարարեց, որ որոշել է հետաձգել ռազմական գործողությունների մեկնարկը։

Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայում Իսլամական պետության դեմ վերջնական հաղթանակի և ամերիկյան զորքերն արաբարական այս երկրից դուրս բերելու մասին։

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից, սակայն սա և ԻՊ-ի դեմ հաղթանակը չի նշանակում, որ միջազգային կոալիցիան դադարելու է գոյություն ունենալ։

Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ պետքարտուղարության աշխատակիցները 24 ժամվա մեջ դուրս են բերվել Սիրիայից, իսկ զորախմբի դուրսբերումը տեղի կունենա 60-ից 100 օրվա ընթացքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.