Ամերիկյան բանակի գեներալը վենեսուելական ճգնաժամի ֆոնին ժամանել է Կոլումբիա

ԱՄՆ զինված ուժերի՝ Հարավային Ամերիկայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Մարկ Ստամերը ժամանել է Կոլումբիա։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով վենեսուելական Tenemos Noticias թերթին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ստամերը պատրաստվում է Կոլումբիայի զինված ուժերի հրամանատարության հետ քննարկել երկու երկրների միջև ռազմական համագործակցության ամրապնդման հարցը, մասնավորապես՝ «տարածաշրջանում սպառնալիքներին հակազդելու միջոցները»։

Հատկանշական է, որ Ստամերի՝ Կոլումբիա կատարած այցը համընկել է Ջոն Բոլթոնի բլոկնոտում արված նշումների հրապարակման հետ։ Նախօրեին Բոլթոնը մամուլի ասուլիս էր տվել Վենեսուելայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։ Մամուլի ասուլիսը լուսաբանող լրագրողները ֆիքսել էին, որ Բոլթոնի ձեռքում գտնվող բլոկնոտի մեջ գրված է․ «հինգ հազար զինվոր՝ Կոլումբիա»։

Վենեսուելական ճգնաժամին ԱՄՆ-ի ռազմական միջամտության մասին հարցին Բոլթոնը պատասխանել էր, որ «դիտարկվում են բոլոր հնարավոր տարբերակները»։

Ավելի ուշ Կոլումբիայի պաշտպանության նախարարությունը հերքեց, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է հինգ հազար զինվոր ուղարկել հարավամերիկյան այս երկիր։ Կոլումբիայի արտաքին գործերի նախարարն, իր հերթին, հայտարարել է, որ Բոգոտան տեղյակ չէ ԱՄՆ-ի այդ ծրագրերից։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Վենեսուելայում տեղի են ունեցել մի շարք զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպել էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել էին բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.