Չինաստանը զիջումների է գնացել ԱՄՆ-ի հետ առևտրային վեճում

Չինաստանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերջին փուլում համաձայնել է կրճատել երկկողմ առևտրի անհավասարակշռությունը։ Այս մասին հայտարարել են Չինաստանի առևտրի նախարարությունից։

Նշվում է նաև, որ Պեկինը պատրաստ է ակտիվորեն մեծացնել ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների և էներգառեսուրսների ներկրման ծավալները։

«Կողմերն ունեցել են առարկայական և բեղմնավոր քննարկում», - ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Քննարկման հիմնական թեման է եղել առևտրային անհավասարակշռությունը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության խնդիրները, ոչ սակագնային խոչընդոտները։ Կողմերը նաև հստակեցրել են հետագա բանակցությունների գրաֆիկը։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր պատժամիջոցներ սահմանել, եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ մինչև մարտի 1-ը։

Նախորդ տարվա ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հրապարակել է չինական 1300 անուն ապրանքներից բաղկացած ցուցակ, որոնց ներկրման վրա կարող են սահմանվել լրացուցիչ մաքսատուրքեր։

Ի պատասխան՝ Պեկինը որոշեց 25%-ով բարձրացնել ամերիկյան 106 անուն ապրանքների ներկրման մաքսատուրքերը։

Արդեն մայիսին կողմերը համաձայնեցին, որ առևտրային պատերազմ չի լինելու, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ առևտրային հարցերում համաձայնության հասնել չի հաջողվել, և Վաշինգտոնը հայտարարեց լրացուցիչ մաքսատուրքերի սահմանման մասին։

Հունիսի կեսին Միացյալ Նահանգները 25%-անոց մաքսատուրքեր սահմանեց չինական ապրանքների ներկրման վրա, ինչն ազդեց ԱՄՆ ներկրվող չինական ապրանքների 10%-ի վրա։

Չինաստանն անմիջապես հայտարարեց, որ 25% մաքսատուրք է սահմանվում ամերիկյան 659 անուն ապրանքների ներկրման վրա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.