Սաուդյան Արաբիան ամերիկյան ծագման զենք է վաճառում Եմենի զինյալներին․ CNN

Սաուդյան Արաբիան և նրա գլխավորած արաբական կոալիցիան, որը ռազմական գործողություններ է վարում Եմենում, ամերիկյան ծագման զենք է մատակարարում «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող զինյալներին։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով CNN-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրություներն ամերիկյան զենքերն օգտագործում են որպես միջոց զինյալներին իրենց հավատարիմ պահելու, զինամթերքի վաճառքից եկամուտներն ավելացնելու և Եմենում քաղաքական ծանր իրավիճակի վրա ազդեցություն ունենալու համար։

Հեռուստաալիքի պնդմամբ՝ նման մոտեցումը խախտում է ամերիկյան զենքերի և ռազմական տեխնիկայի վաճառքի մասին համաձայնագիրը։ CNN-ն իր տվյալներն արդեն ուղարկել է պաշտպանության նախարարություն, որտեղից հայտնել են, որ այս հարցով արդեն ներքին հետաքննություն է սկսվել։

Նախորդ տարվա սեպտեմբերին հաղորդվում էր, որ Եմենում աշխատող իրավապաշտպանները մի շարք վայրերում հայտնաբերել են ամերիկյան ծագման ռումբերի բեկորներ, որտեղ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով զոհեր էին գրանցվել։ Ավելի ուշ Եմենի իրավապաշտպաններն CNN-ին ներկայացրին վերոնշյալ պնդումն ապացուցող փաստեր։

Նշենք, որ 2014 թ. օգոստոսից Եմենում շարունակվում է կառավարական ուժերի և ապստամբ հուսիների հակամարտությունը: Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թ. մարտին, երբ հակամարտությանը միջամտել է Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան:

Նախորդ 2017 թ․ նոյեմբերի 29-ին Սանայում ընթացել են դաժան մարտեր, ինչի պատճառը Եմենի նախկին նախագահ Ալլահ Սալեհի կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ գրավելու հուսիների ցանկությունն էր։ Բախումների հետևանքով զոհվել էր մոտ 250 մարդ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015 թ․ գարնանից սկսած հակամարտության զոհ է դարձել ավելի քան 10 հազար մարդ, իսկ մարդասիրական օգնության կարիք ունի Եմենի բնակչության մոտ 70%-ը, կամ ավելի քան 21 միլիոն մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.