Վաշինգտոնում «նա պետք է հեռանա» թեզը մշտապես սեղանի վրա է, փոխվում են միայն անունները․ Զախարովա

Վենեսուելայում ուժի միջոցով իշխանափոխություն իրականացնելու ԱՄՆ-ի առաջնահերթության մասին կան բազմաթիվ նշաններ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հերթական ճեպազրույցի ժամանակ, խոսելով Վենեսուելայի ճգնաժամի մասին, Զախարովան հայտարարել է, որ իրավիճակը գնալով ավելի է լարվում արտաքին ճնշման և սադրիչ հայտարարությունների պատճառով։

«Ինքնիշխան պետության օրինական կառավարությանը հեռացնելու ԱՄՆ-ի՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերին հակասող գործողությունների պայմաններում շարունակում է նեղանալ հարցի լուծման տարբերակների շրջանակը», - ասել է Զախարովան։

«Ըստ էության, ամեն ինչ գնում է նրան, որ կիրականացվի պետական հեղաշրջման միջոցով ինքնիշխան պետության օրինական ընտրված իշխանությունների հեռացման ծրագիրը։ Վաշինգտոնում «նա պետք է հեռանա» թեզը մշտապես սեղանի վրա է։ Փոխվում են միայն անունները, իսկ սկզբունքը մնում է նույնը», - շարունակել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.