Վենեսուելայի ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի հետ․ AP

Նյու Յորքում ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասի և ԱՄՆ պետքարտուղարության՝ Վենեսուելայի հարցերով հատուկ հանձնակատար Էլիոտ Աբրամսի միջև։ Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը։

Վենեսուելայի պաշտոնատար անձանց հայտնած տեղեկություններով՝ հանդիպումները տեղի են ունեցել հունվարի 26-ին և փետրվարի 11-ին։ Երկու դեպքում էլ հանդիպումները նախաձեռնել է ամերիկյան կողմը։ Առաջին հանդիպման ժամանակ Աբրամսը բավական կոշտ դիրքորոշում է հայտնել՝ վենեսուելական կողմին զգուշացնելով հնարավոր ռազմական միջամտության մասին և Կարակասին մեղադրելով Ռուսաստանի, Կուբայի և «Հեզբոլլահ» շարժման հետ առնչություն ունենալու մեջ։

Լրատվականի փոխանցմամբ՝ երկրորդ հանդիպումն անցել է ոչ շատ լարված մթնոլորտում, չնայած՝ ավելի վաղ Աբրամսը հայտարարել էր, որ Նիկոլաս Մադուրոյի հետ բանակցելու ժամանակ անցել է։

Հանդիպմանը պետքարտուղարության ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ամերիկյան կողմի կոշտ դիրքորոշման մեջ փոփոխություն չի լինելու։ Վենեսուելական կողմի կարծիքով՝ այս հանդիպումը խոսում է Վաշինգտոնի հետ երկխոսություն սկսելու հնարավորության մասին։

Լրատվականը գրում է, որ ամերիկյան վարչակազմի ներակայացուցիչները պատրաստակամություն են հայտնել նաև անհրաժեշտության դեպքում հանդիպել Վենեսուելայի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, նույնիսկ՝ Մադուրոյի հետ։

Ավելի վաղ Associated Press-ին տված հարցազրույցի ժամանակ Աբրամսի և Արեասի Նյու Յորքում կայացած հանդիպման մասին հայտարարել էր նաև հենց Մադուրոն։ Նա նաև Աբրամսին հրավիրել էր Վենեսուելա։

Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.