Բոլթոնը սպառնում է պատժամիջոցներ սահմանել Մադուրոյին աջակցողների դեմ

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը սպառնացել է բոլոր նրանց, ովքեր Խուան Գուաիդոյին չեն ճանաչում որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ։

«Բոլոր նրանք, ովքեր դավադրություններ են մշակում Նիկոլաս Մադուրոյի հետ, որպեսզի խարխլեն ժողովրդավարական ինստիտուտները Վենեսուելայում, նախկինի պես կբախվեն լուրջ հետևանքների», - իր թվիթերյան էջում գրել է Բոլթոնը։

Ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն, «հետևանքներ» ասելով ԱՄՆ-ում սովորաբար նկատի ունեն պատժամիջոցները։ Վաշինգտոնն արդեն բազմիցս պատժամիջոցներ է սահմանել Կարակասի դեմ և սպառնացել Նիկոլաս Մադուրոյի հետ համագործակցողներին։

Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.