ԱՄՆ փոխնախագահը Եվրամիությանը մեղադրում է Իրանի դեմ պատժամիջոցները խախտելու մեջ

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ԵՄ անդամ պետություններին մեղադրում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները խախտելու փորձի մեջ և կոչ է անում դուրս գալ Իրանի միջուկային համաձայնագրից։ Այս մասին Փենսը խոսել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ Վարշավայում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ, որը կազմակերպել էին Միացյալ Նահանգները և Լեհաստանը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը ստեղծել է Իրանի հետ առևտրի հեշտացված մեխանիզմ, ինչը «փորձ է շրջանցելու Իրանի մարդասպան ռեժիմին ուղղված ամերիկյան պատժամիջոցները»։

«Ցավոք, մեր եվրոպացի գործընկերներից շատերը պատրաստ չէին ամբողջական համագործակցության։ Փաստորեն, նրանք ջանք էին գործադրում մեր պատժամիջոցները շրջանցելու մեխանիզմ մշակելու համար», - ասել է Փենսը։

Լեհաստանի ԱԳ նախարար Յացեք Չապուտովիչը գագաթնաժողովի ավարտին հայտարարել է, որ Լեհաստանը և Միացյալ Նահանգները նույն կերպ են նայում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, սակայն տարբեր են մոտեցումներն Իրանի հարցում։

2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ:

Նախորդ տարվա մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.