Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել վենեսուելացի 5 անձանց նկատմամբ, որոնց թվում են նաև այդ երկրի նավթի նախարարը և PDVSA պետական նավթային ընկերության ղեկավար Մանուել Կեդևոն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Սահմանափակումների ցուցակում են հայտնվել նաև Վենեսուելայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Մանուել Ռիկարդո Քրիստոֆեր Ֆիգերան, նրա առաջին տեղակալը և ոստիկանության հատուկ ջոկատի հրամանատար Ռաֆաել Էնրիկե Մենդոզան։

Հունվարի 28-ին Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել PDVSA ընկերության նկատմամբ՝ արգելափակելով վերջինիս 7 միլիարդ դոլարի ակտիվները և արգելելով այս ընկերության հետ գործարքները։ Սպիտակ տան տվյալներով՝ ընկերությունը ևս 11 միլիարդ դոլար է կորցրել նավթի արտահանման արգելքից։

ԱՄՆ ֆինանսների նախարարություն հաղորդմամբ՝ այս պատժամիջոցներ ցանկում հայտնվածները «շարունակում էին ճնշել ժողովրդավարությունը և ժողովրդավարական գործիչներին Վենեսուելայում»։

Բացի այդ, սառեցվելու են նաև ԱՄՆ-ի տարածքում գտնվող բոլոր ակտիվները․ Միացյալ Նահանգների քաղաքացիներին կարգելվի գործ ունենալ այդ երկրի հետ։

Սահմանափակումների ցուցակում է հայտնվել նաև Ռաֆաել Հերնանդես Դելան՝ նախագահական գվարդիայի հրամանատարը։ Միացյալ Նահանգները նրան մեղադրում է Մադուրոյի դեմ ԱՄՆ-ի հետ դավադրություն կազմակերպելու մեջ կասկածվող վենեսուելացի զինվորականներին ճնշելու մեջ։

Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.