Ամերիկացի լեյտենանտը ձերբակալվել է ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով

ԱՄՆ զինված ուժերի ծովափնյա պահպանության ծառայության լեյտենանտ Քրիստոֆեր Պոլ Հեսսոնը, որն իր ծառայությունն անցկացնում էր Վաշինգտոնում, ձերբակավել է ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ նշելով, որ ահաբեկչության թիրախ կարող էին լինել քաղաքական գործիչներ և լրագրողներ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 49-ամյա լեյտենանտի տան խուզարկությամբ հայտնաբերվել են տասնյակ հազարավոր փամփուշտներ և 15 միավոր հրաձգային զինատեսակներ։ CNN-ը, հղում կատարելով Դաշնային դատարան ուղարկած փաստաթղթերին, նշում է, որ նա պատրաստվում էր հարձակումներ իրականացնել քաղաքացիական անձանց, լրագրողների և քաղաքական գործիչների վրա։

Նշվում է, որ Քրիստոֆեր Պոլ Հեսսոնը ցանկացել է հարձակումն իրականացնել այնպես, որ հնարավորինս շատ մարդ սպանվի։

CNN-ի հաղորդմամբ՝ լեյտենանտին «ոգեշնչել է» Անդերս Բրեյվիկի օրինակը, որն ահաբեկչություն էր իրականացրել 2011 թ․ հուլիսին Նորվեգիայում։ Վերջինիս գործողությունների հետևանքով զոհվել էր 77 մարդ։

Newsweek թերթի տվյալներով՝ դատախազությունը Հեսսոնին մեղադրանք է առաջադրել նաև թմրանյութեր և զենք պահելու համար։ Լրատվականը գրում է, որ 2017 թ․ լեյտենանտը հայտնել էր կենսաբանական զենք ունենալու և դրա միջոցով հարձակում իրականացնելու իր ձգտման մասին։

Աղբյուրի հավաստմամբ՝ նա նաև կազմել էր զոհերի ցուցակ, որը բաղկացած էր Դեմոկրատական կուսակցության անդամներից, հասարակական գործիչներից և լրագրողներից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.