Բրիտանական կառավարությունը դիտարկում է Brexit-ը երկու ամսով հետաձգելու հնարավորությունը

Թերեզա Մեյի կառավարությունը դիտարկում է Եվրոպական Միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը երկու ամսով հետաձգելու հնարավորությունը։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Daily Telegraph թերթը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները մշակել են մի պլան, ըստ որի՝ Թերեզա Մեյը Եվրոպական Միությանը պաշտոնապես խնդրանքով կդիմի Եվրոպական Միությանը, եթե բրիտանական խորհրդարանը մինչև մարտի 12-ը նախկինի պես պատրաստ չլինի հաստատել Brexit-ի ծրագիրը։ Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, հենց այս օրն էլ պետք է խորհրդարանում տեղի ունենա նոր քվեարկություն Brexit-ի ծրագրի վերաբերյալ։ Ծրագրի նախորդ տարբերակը պատգամավորները մերժել էին հունվարի 15-ին։

Նշվում է նաև, որ կառավարության մի շարք ներկայացուցիչներ կարծում են, որ երկու ամիսը բավարար է իրավիճակը փակուղուց դուրս բերելու համար։ Հատկանշական է, որ Guardian թերթի տվյալներով՝ ԵՄ-ում նախընտրում են Brexit-ը հետաձգել մինչև 2020 թվականի վերջ, երբ կավարտվի Եվրամիության բյուջեի հերթական յոթնամյա շրջանը։

Հունվարի 15-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները հավանության չէին արժանացրել Եվրոպական Միության հետ Brexit-ի պայմանների վերաբերյալ գործարքը։ Քվեարկության ժամանակ 432 պատգամավոր դեմ էր արտահայտվել համաձայնագրին։ Թերեզա Մեյի առաջարկած համաձայնագրին կողմ էր քվեարկել ընդամենը 202 պատգամավոր։ Վերջին 95 տարվա ընթացքում սա ամենախոշոր պարտությունն էր, որը կրում է Մեծ Բրիտանիայի վարչապետը խորհրդարանում։

Ձախողված համաձայնագիրը հաստափոր փաստաթուղթ է, որտեղ հստակեցված չէ Brexit-ի ամենակարևոր հարցերից մեկը՝ Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանային հսկիչ ռեժիմի հարցը։ Կողմերը միայն պայմանավորվել են այդ հարցը լուծել մինչև 2020 թվականը։

Հիշեցնենք, որ Brexit-ը պետք է տեղի ունենա մինչև մարտի 29-ը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.