Տիգրան Քեոսայանի և հայկական ակտիվիստների հակամարտությունը թափ է հավաքում․ ARTINEWS

Artinews-ը ներկայացնում է Telegram-ում Տիգրան Քեոսայանի՝ Баграмян26 կեղածանունով օգտատիրոջ հետ նամակագրությունը։

Баграмян26 - Սիմոնյանի՝ Ռուսաստանում հակահայկական հիստերիա բարձրացնելու նախաձեռնության ֆոնին մենք որոշեցինք նայել, թե քանի հոդված կա Russia Today-ում ՌԴ-ի հետ միասին Հայաստանի՝ Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու մասին։ Ոչ մի հոդված։ Այո, կարող եք ինքներդ տեսնել։ Իսկ սա, հիշեցնենք, աննախադեպ քայլ էր։ Միայն Հայաստանը, աջակցելով Ռուսաստանին, Սիրիա ուղարկեց բժիշկների, սակրավորների և այս մասնագետների անվտանգությունն ապահովող պատասխանատուների 83 հոգանոց խումբ։

Հայաստանն արդեն գրեթե մեկ տարի է, ինչ լիովին ազատ երկիր է, և նրա հրաշալի մայրաքաղաք կարող են այցելել ազատ մարդիկ և հավաքներ անցկացնել։ Օրինակ՝ Դուք էլ կարող եք Ձեր խմբով այցելել Հայաստան և այստեղ հավաք անցկացնեք՝ պատմելով, որ չի կարելի ցույցեր անել իշխանությունների դեմ։ Ճիշտ է՝ Ձեզ այստեղ կբացատրեն, որ կարելի է, նույնիսկ պետք է անել․ ավելին՝ կսովորեցնեն, թե ինչպես պետք է դա անել։ Նույն բանը կարող է անել նաև RT-ը։ Մենք սպասում ենք Ձեզ։

Тигран Кеосаян – Այստեղ ինչ-որ անանուն ալիք նեղացել է, որ RT-ը չի նկատել, որ Հայաստանը մի ամբողջ 83 հոգանոց խումբ է ուղարկել Սիրիա՝ ռուսական զորքերին օգնելու։ Անանուն այս ալիքի համար սա հայ-ռուսական բարեկամության ֆանտաստիկ օրինակ է։

Այսպես․ եթե հաշվի առնենք, թե ինչ օգնություն է Ռուսաստանը Հայաստանին տրամադրել 90-ականներին՝ ղարաբաղյան պատերազմի և շրջափակման ընթացքում և թե ինչ ռազմավարական օգնություն է շարունակում տրամադրել մինչ այսօր, ապա Հայաստանը ոչ միայն պետք է խումբ ուղարկեր Սիրիա, այլ նաև ճանաչեր Ղրիմի միացումը Ռուսաստանին։ Եվ պետք է ճանաչեր ամբողջ էությամբ, որպեսզի աշխարհի մոտ կասկածներ չմնային այդ ճանաչման վերաբերյալ։

Եվ միայն այդ ժամանակ նոր իշխանությունը կորոշակիացներ իր առաջնահերթությունները՝ առանձնանալով նախկին՝ սարգսյանական իշխանությունից, որը փորձում էր միաժամանակ նստել 17 աթոռի վրա։

Սա այն ամենն է, ինչ ես պետք է ասեի։

Баграмян26 –  Տիգրան Էդմոնդի, մենք չենք դժգոհում, մենք փաստերն ենք արձանագրում։ Հիմա Դուք կիմանաք այդ «օգնության» մասին, որը Ռուսաստանը տարամադրել է Հայաստանին։

Ռուսաստանի օգնությունը երբեք անհատույց չի եղել և ոչ էլ Հայաստանի թախծոտ աչքերի համար։ Այն տրամադրվել է Ռուսաստանի շահերից ելնելով, քանի որ Երևանը Մոսկվայի միակ դաշնակիցն է տարածաշրջանում։

Իր «օգնության» փոխարեն Ռուսաստանը Հայաստանից վերցրել է ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ։ Այդ գործընթացը կոչվել է «գույք պարտքի դիմաց»։ Այդ սկզբունքով Ռուսաստանին են անցել ռազմավարական նշանակություն ունեցող հայկական այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են՝ ռազմաարդյունաբերական համալիրների գիտահետազոտական կենտրոնների հետ կապ ունեցող «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն, «Երևանի ավտոմատ համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն, «Երևանի նյութագիտության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն, Հրազդանի Ջերմաէլեկտրակայանը՝ Հայաստանի խոշորագույն ջերմային էլեկտրակայաններից մեկը, և այլն։

Ընդ որում՝ վերոշարադրյալ ինստիտուտները ծառայում էին նաև խորհրդային ռազմաարդյունաբերական համալիրներին, իսկ այսօր, փաստացի, մնացել են անգործ։

Ռուսաստանը Կուբային ներել է 31,7 միլիարդ դոլար, Իրաքին՝ 21,5 միլիարդ դոլար, Վիետնամին՝ 9,53 միլիարդ դոլար, ավելի քան 20 միլիարդ դոլար՝ աֆրիկյան պետություններին, իսկ Հայաստանին՝ Կովկասում իր գլխավոր դաշնակցին՝ ոչ մի կոպեկ։ Պարտքի դիմաց Ռուսաստանը Հայաստանից վերցրել է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը և Իրան-Հայաստան գազատարը։

Դուք կարող եք ասել, որ առաջին հերթին մեղավոր են Հայաստանի իշխանությունները, և մենք, ցավոք, համաձայն ենք Ձեզ հետ։ Ռոբերտ Քոչարյանը չի կարողացել մերժել իր ընկերոջը՝ Վլադիմիր Պուտինին, իսկ Սերժ Սարգսյանը գնացել է բոլոր հնարավոր զիջումներին՝ միայն թե պահպանի իր իշխանությունը։

Մի խոսքով՝ Ռուսաստանի օգնությունը բավական թանկ է նստել Հայաստանի վրա, իսկ Ղրիմի ճանաչումը չի բխում Հայաստանի շահերից։ Ընդ որում՝ Հայաստանը նույնիսկ Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ պետություն կամ իր մաս։ Ի դեպ, Ռուսաստանն էլ, իր հերթին չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Վատ չէր լինի մտածել այս մասին, ինչպես նաև այն մասին, որ Մոսկվան Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք է վաճառում, որոնցով էլ հետո Ղարաբաղում սպանվում են մեր զինվորները։

Հայաստանը երբեք առիթ չի տվել կասկածելու իր նվիրվածությանը։ Նայեք ՄԱԿ-ում Ղրիմի վերաբերյալ Հայաստանի քվեարկություններին։

Այս ամենի մասին Դուք դժվար թե իմանաք։ Լուրերին հետևեք ոչ միայն RT-ով, այլ նաև ուրիշ լրատվականներով։

Մենք Ձեզ շատ բան կարող ենք պատմել հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Դիմեք, եթե պետք լինի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.