Վենեսուելայի ԱԳ նախարարը կոչ է անում հանդիպում կազմակերպել Մադուրոյի և Թրամփի միջև

Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասը կոչ է արել հանդիպում կազմակերպել Դոնալդ Թրամփի և Նիկոլաս Մադուրոյի միջև երկրում ստեղծված իրավիճակը հարթելու նպատակով։ Այս մասին Արեասը խոսել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ունեցած ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ Մադուրոն «բաց է բանակցությունների համար նույնիսկ Միացյալ Նահանգների հետ»։

«Ինչու՞ հանդիպում չկազմակերպել Դոնալդ Թրամփի և Նիկոլաս Մադուրոյի միջև», - ասել է ԱԳ նախարարը։

Փետրվարի 25-ին Խորխե Արեասը կրկին հայտարարել էր, որ Նիկոլաս Մադուրոյի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը դրական ազդեցություն կունենա Բոլիվարյան Հանրապետությոնում իրավիճակը հանգուցալուծելու գործում։ Փետրվարի 3-ին Թրամփը հրաժարվել էր հանդիպել Մադուրոյի հետ։

Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.