Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը չեն կարողացել համաձայնության հասնել․ գագաթնաժողովն ավարտվել է ժամանակից շուտ

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնության չեն հասել Հանոյում տեղի ունեցած բանակցություններից հետո, սակայն ունեցել են «կառուցողական երկխոսություն»։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը։

«Առաջնորդները քննարկել են ապամիջուկայնացմանն ուղղված տարբեր ճանապարհներ», - ասել է Սանդերսը։

Նրա խոսքով՝ չնայած համաձայնության հասնել չի հաջողվել, սակայն երկու երկրների պատվիրակություններն էլ «սպասում են հետագա հանդիպումներին»։

Տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ բանակցությունները շատ արդյունավետ էին։ Ավելի ուշ Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Կիմ Չեն Ընը պատրաստ չէր «անել ավելին»։

Հատկանշական է, որ Հանոյում տեղի ունեցած գագաթնաժողովն ավարտվել է ժամանակից շուտ, և որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։

Հիշեցնենք, որ Վիետնամի մայրաքաղաք Հանոյում փետրվարի 27-28-ին տեղի է ունեցել ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովը։ Փետրվարի 27-ին տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների հանդիպում, որը տևել է 2,5 ժամ։ Թրամփը և Կիմ Չեն Ընը քննարկել են Սինգապուրում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Այսօր՝ փետրվարի 28-ին, տեղի ունեցած ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ունեցել են արդյունավետ երկխոսույթուն, և հույս հայտնել, որ Կիմ Չեն Ընի հետ կունենան երկարամյա հաջող համագործակցություն։

Հյուսիսային Կորեայի առաջնորդն, իր հերթին, հայտարարել է, որ պատրաստ է ապամիջուկայնացում կատարել՝ ողջունելով Փհենյանում ամերիկյան կոորդինացիոն բյուրո բացելու առաջարկը։

Նախորդ տարվա հունիսի 12-ին Սինգապուրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել էին, որ ԿԺԴՀ-ը դադարեցնելու է միջուկային և հրթիռային փորձարկումները երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման դիմաց։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.