Ընտրություններում պարտվելու դեպքում Թրամփն իշխանությունը խաղաղ չի փոխանցի․ Թրամփի նախկին փաստաբան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2020 թ․ ընտրություններին պարտվելու պարագայում չի կարող ապահովել իշխանության խաղաղ փոխանցումը նոր վարչակազմին։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարել է Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը։

«Հաշվի առնելով Թրամփի հետ աշխատելու իմ փորձը՝ ես վախենում եմ, որ 2020 թ․ ընտրություններում պարտություն կրելու պարագայում տեղի չի ունենա իշխանության խաղաղ փոխանցում։ Այս կապակցությամբ ես համաձայնեցի ձեր առաջ ելույթ ունենալ», - ասել է Քոենը՝ հավելելով, որ իր հավատարմությունը Թրամփին «մեծ կարևորություն ուներ»։

2018 թ․ դեկտեմբերին Մայքլ Քոենը դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ հարկերից խուսափելու, նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման կարգը խախտելու, բանկային համակարգում մեքենայությունների և ամերիկյան ֆինանսական մարմիններին կեղծ տեղեկություններ տարամդրելու համար։

Այս կապակցությամբ Քոենը փորձում է իրեն ակտիվորեն ներկայացնել զոհի կարգավիճակում՝ հայտարարելով, որ կատարել է Թրամփի ապօրինի հրահանգները։

Մայքլ Քոենը Թրամփի մոտ աշխատել է 2007 թվականից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.