Հյուսիսային Կորեան ցանկանում էր պատժամիջոցների վերացում, սակայն ԱՄՆ-ը հրաժարվեց․ Թրամփ

Հյուսիսային Կորեան ցանկանում էր պատժամիջոցների վերացում, սակայն Միացյալ Նահանգները մերժեց։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նրա խոսքով՝ Փհենյանն ինչ-որ բան է առաջարկել Վաշինգտոնին պատժամիջոցների չեղարկման փոխարեն, սակայն դա «չի բավարարել ամերիկյան կողմին»։

Դոնալդ Թրամփը նշել է նաև, որ Կիմ Չեն Ընն իրեն հավաստիացրել է, որ չի պատրաստվում այլևս հրթիռային և միջուկային փորձարկումներ իրականացնել։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ բանակցությունների արդյունքում ԿԺԴՀ-ի հետ համաձայնագիր չստորագրելը չի եղել իր միանձնյա որոշումը։ Նա հավաստիացրել է, որ համաձայնագրերը պատրաստ են եղել ստորագրման համար, սակայն որոշվել է հրաժարվել դրանից։

«Հյուսիսային Կորեայի իշխանությունների հետ ունեցանք շատ արդյունավետ բանակցություններ։ Չնայած տարակարծություններին՝ գագաթնաժողովն ավարտվել է բարեկամական նոտայի վրա», - նշել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Վիետնամի մայրաքաղաք Հանոյում փետրվարի 27-28-ին տեղի է ունեցել ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովը։ Փետրվարի 27-ին տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների հանդիպում, որը տևել է 2,5 ժամ։ Թրամփը և Կիմ Չեն Ընը քննարկել են Սինգապուրում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Այսօր՝ փետրվարի 28-ին, տեղի ունեցած ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ունեցել են արդյունավետ երկխոսույթուն, և հույս հայտնել, որ Կիմ Չեն Ընի հետ կունենան երկարամյա հաջող համագործակցություն։

Հյուսիսային Կորեայի առաջնորդն, իր հերթին, հայտարարել է, որ պատրաստ է ապամիջուկայնացում կատարել՝ ողջունելով Փհենյանում ամերիկյան կոորդինացիոն բյուրո բացելու առաջարկը։

Նախորդ տարվա հունիսի 12-ին Սինգապուրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել էին, որ ԿԺԴՀ-ը դադարեցնելու է միջուկային և հրթիռային փորձարկումները երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման դիմաց։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.