Ռուսաստանը և Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում վետո են դրել Վենեսուելայի վերաբերյալ ԱՄՆ-ի բանաձևի վրա

Ռուսաստանը և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում օգտվել են իրենց վետոյի իրավունքից Վենեսուելայում նոր նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ԱՄՆ-ի նախաձեռնած բանաձևի քվեարկության ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Վաշինգտոնի նախաձեռնած բանաձևին կողմ է քվեարկել Անվտանգության խորհրդի 15 անդամներից 9-ը։ Դեմ են եղել միայն Ռուսաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Եվս երեք անդամ ձեռնպահ է եղել։

«Բանաձևը չի ընդունվում, եթե դրան դեմ է քվեարկում խորհրդի մշտական անդամներից նույնիսկ մեկը», - ասել է ՄԱԿ-ի ԱԽ ներկայացուցիչը։

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի խոսքով՝ Միացյալ Նահանգները նախապես հասկացել է, որ բանաձևի ընդունման շանսեր չկան, և «օգտագործել են քվեարկության հնարավորությունը, որպեսզի դեմ քվեարկածներին մեղադրեն Վենեսուելայում հումանիտար ճգնաժամի շարունակման մեջ»։

ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Մա Չժաոսյունի խոսքով՝ ամերիկյան բանաձևի տեքստը սկզբունքորեն հակասում է այս հարցում Պեկինի դիրքորոշմանը, այդ իսկ պատճառով էլ իրենք ստիպված են եղել դեմ քվեարկել։

ԱՄՆ-ի նախաձեռնած բանաձևում կոչ էր արվում սկսել քաղաքական գործընթաց Վենեսուելայում նոր նախագահական ընտրություններ անցկացնելու համար, ինչպես նաև «հումանիտար վիճակի վատթարացումը թույլ չտալու համար ապահովել հումանիտար օգնության մուտքը Բոլիվարյան Հանրապետություն»։

Բացի այդ՝ կոչ էր արվում քայլեր ձեռնարկել այնտեղ մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության վերակագնման համար։ Փաստաթղթում նաև անվավեր էր ճանաչվում 2018 թ․ անցկացված նախագահական ընտրությունները։

Կետերից մեկում էլ խոսվում էր խորհրդարանի բոլոր անդամների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.