Ռուսաստանում իրավապահները ձերբակալել են մի շարք ահաբեկչություններ ծրագրած զինյալների

Ռուսաստանի Դաշնության Խանտի-Մանսիական ինքնավար շրջանում իրավապահները ձերբակալել են երեք իսլամիստների, որոնք պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել և սպանել ոստիկանների։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ ներքին գործերի նախարարությունից։

«Կասեցվել է ահաբեկչական խմբի գործունեությունը, որի անդամները կիսում են ծայրահեղական գաղափարները և կապ ունեն Հյուսիսային Կովկասում գործող զինված խմբավորումների հետ», - ասել է ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

Նրա խոսքով՝ զինյալներից առաջինին և երկրորդին ձերբակալել են, համապատասխանաբար, փետրվարի սկզբին և կեսին, որից հետո պարզել են երրորդի ինքնությունը և ձերբակալել նաև նրան։

Ահաբեկիչները հանդիպել են Սուրգուտում գտնվող գաղտնի տներում և քննարկել առանցքային կարևորություն ունեցող օբյեկտների և պետական հաստատությունների վրա հարձակումներ իրականացնելու ծրագրերը։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ահաբեկիչները պատրաստվում էին պայթյուններ իրականացնել մարդաշատ վայրերում։

Խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր, ատրճանակներ, կապի միջոցներ, ինչպես նաև տեղի ոստիկանության պաշտոնյաներից մեկի լուսանկարը, որի վրա էլ, հավանաբար, պետք է մահափորձ կատարվեր։

Հարուցվել է քրեական գործ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.