Զարիֆի հրաժարականը կարող է կապված լինել Ասադի այցի մասին նախօրոք տեղյակ չլինելու հետ․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որը նախորդ շաբաթ հրաժարական էր տվել, չգիտեր Բաշար Ասադի՝ Թեհրան այցելության մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Գասեմին․ գրում է ISNA գործակալությունը։

Բաշար Ասադի այցի մաին տեղյակ չլինելը, ինչպես գրում էին մի շարք լրատվականներ, կարող էր լինել Զարիֆի հրաժարականի հիմնական պատճառը։ Գասեմիի խոսքով՝ Սիրիայի նախագահի այցի արարողակարգը եղել է հատուկ, և պատվիրակության այցի մասին իմացել են Իրանի ղեկավարության միայն որոշ ներկայացուցիչներ, իսկ արտաքին գործերի նախարարությունը տեղեկություններ չի ունեցել պատվիրակության մակարդակի մասին մինչև այցի ավարտը։

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Զարիֆը հրաժարական է տվել «առաջնորդվելով ոչ թե անձնական պատճառներով, այլ արտաքին քաղաքական գերատեսչության նախկին դիրքը երկրում վերականգնելու և դրական ազդեցություն ունենալու ցանկությամբ»։

Բաշար Ասադը Թեհրան է այցելել փետրվարի 25-ին։ Նույն օրը երեկոյան Զարիֆը հայտարարել է ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Նախագահ Հասան Ռոհանին չի ընդունել Զարիֆի հրաժարականը։

FARS գործակալության փոխանցմամբ՝ Զարիֆը հրաժարական է տվել նախագահի գրասենյակի հետ Ասադի այցի վերաբերյալ անհամաձայնության պատճառով։

Ռոհանիի կողմից իր հրաժարականը չընդունելուց հետո Զարիֆը հայտարարել է, որ իր համար առաջնահերթություն է «արտաքին քաղաքականության օրակարգի առաջմղումը, արտաքին գործերի նախարարության նկատմամբ վստահության ավելացումը և միջազգային ասպարեզում Իրանի ազգային շահը պաշտպանելը»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.