Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Տուսկի հանդիպումը

Մարտի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրոպական խորհուրդ, որտեղ նրան դիմավորել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը (primeminister.am)։

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության դրոշների մոտ ձեռքսեղմումից և արարողակարգային լուսանկարահանումից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Տուսկի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Բրյուսել` նշելով, որ այն հնարավորություն կտա քննարկել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընթացքն ու զարգացման ուղիները: 

«Սա Ձեր երկրորդ այցն է Բրյուսել, պարոն վարչապետ: Մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք Ձեր առաջին այցի շրջանակում, և այսօրվա մեր հանդիպումը լավ հնարավորություն է` շարունակելու մեր սկսած երկխոսությունը», - ասել է Դոնալդ Տուսկը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԵՄ հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

«ԵՄ-ն հուսալի գործընկեր է Հայաստանի համար, որի հետ համագործակցության շարունակական զարգացումն այսօր առավել կարևոր է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում: Հայաստանը պատրաստ է ջանքեր ներդնել` Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցությունը նոր գաղափարներով և նախաձեռնություններով հարստացնելու ուղղությամբ», - ասել է վարչապետ Փաշինյանը:

ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀ իշխանությունների հռչակած ժողովրդավարական օրակարգից որևէ շեղում չի լինելու, և Եվրամիության օժանդակությունը մի շարք ոլորտներում` մասնավորապես, դատաիրավական ոլորտի, ոստիկանական համակարգի բարեփոխումների, տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Վարչապետն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին` նշելով, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի և Եվրամիության երկրների համագործակցության զարգացման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգի շուրջ: Անդրադարձ է եղել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, երկուստեք կարևորվել է CEPA-ի վավերացման շուրջ շարունակական աշխատանքը: 

ՀՀ վարչապետը և ԵԽ նախագահը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ, ընդգծել հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափով իրականացվող բանակցային գործընթացին:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.