ԱՄՆ-ը կխստացնի պատժամիջոցները ԿԺԴՀ-ի նկատմամբ, եթե վերջինս հրաժարվի ապամիջուկայնացումից․ Բոլթոն

ԱՄՆ նախպագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կխստացնի պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ, եթե վերջինս հրաժարվի ապամիջուկայնացում կատարելու հանձնառությունից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։

«Հանոյում Հյուսիսային Կորեայի հետ վատ համաձայնագիր չկնքելու լույսի ներքո մենք բազմաթիվ դրական քայլեր ենք պասում Փհենյանից, որը ցույց կտա, թե արդյոք իրենք պատրաստ են վերսկսել բանակցությունները և, որ ամենակարևորն է, հավատարիմ են արդյոք իրենց միջուկային սպառազինությունից հրաժարվելու հանձնառությանը, թե ոչ», - ասել է Բոլթոնը։

Անդրադառնալով Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործում Չինաստանի դերակատարությանը՝ Բոլթոնն ընդգծել է այս հարցում Պեկինի ջանքերի կարևորությունը։

«Չինաստանն անկեղծ է, երբ հայտարարում է, որ Փհենյանի միջուկային սպառազինությունը խաթարում է կայունությունը Հարավարևելյան Ասիայում։ Նրանք բազմիցս նշել են, որ այդ հանգամանքը վնասում է նաև չինական տնտեսությանը։ Ակնկալում ենք, որ Պեկինը կակտիվացնի ջանքերն այս ուղղությամբ», - շարունակել է Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։

Հիշեցնենք, որ Վիետնամի մայրաքաղաք Հանոյում փետրվարի 27-28-ին տեղի է ունեցել ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովը։ Փետրվարի 27-ին տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների հանդիպում, որը տևել է 2,5 ժամ։ Թրամփը և Կիմ Չեն Ընը քննարկել են Սինգապուրում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Փետրվարի 28-ին տեղի ունեցած ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ունեցել են արդյունավետ երկխոսույթուն, և հույս հայտնել, որ Կիմ Չեն Ընի հետ կունենան երկարամյա հաջող համագործակցություն։

Հյուսիսային Կորեայի առաջնորդն, իր հերթին, հայտարարել է, որ պատրաստ է ապամիջուկայնացում կատարել՝ ողջունելով Փհենյանում ամերիկյան կոորդինացիոն բյուրո բացելու առաջարկը։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել և փաստաթուղթ ստորագրել՝ չնայած հայտարարվել է «արդյունավետ երկխոսություն ունենալու» մասին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.