Վենեսուելայում ամերիկացի լրագրողի են ձերբակակել

Վենեսուելայի իշխանությունները մարտի 6-ի երեկոյան երկրից արտաքսել են ամերիկացի լրագրող Քոդի Ուեդլին, որը նույն օրն ավելի վաղ ձերբակալվել էր Կարակասում։ Այս մասին տեղեկացնում է El Nacional թերթը։

Համաձայն վենեսուելական լրատվամիջոցների՝ Ուեդլին և նրա գործընկեր Կարլոս Կամաչոին հարցաքննել են Վենեսուելայի ռազմական հակահետախուզության աշխատակիցները։ Նրանք ձերբակալված են մնացել 12 ժամ։

Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ Ուեդլը Կարակասում աշխատել է որպես անկախ լրագրող 2014 թվականից։ Նա նաև օրեր առաջ լուսաբանել է ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի վերադարձը երկիր։ Հատկանշական է, որ ընդդիմության առաջնորդն իր թվիթերյան էջում պահանջել էր ազատ արձակել լրագրողին։

Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.