Կարակասը հույս ունի, որ Եվրամիությունը կփոխի իր վերաբերմունքը Վենեսուելայի նկատմամբ

Կարակասը հույս ունի, որ Եվրոպական Միությունը կփոխի վերաբերմունքը Վենեսուելայի նկատմամբ և կդադարի հետևել Միացյալ Նահանգների օրինակին։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասը։

«Վենեսուելան հույս ունի, որ Եվրամիությունը կփոխի մշտապես Կարակասի ներքին գործերին միջամտելու իր քաղաքականությունը, ինչը Վաշինգտոնի ագրեսիվ քաղաքականության ակնհայտ ընդօրինակումն է», - իր թվթիերյան էջում գրել է Արեասը։

Արեասի այս հայտարարությունը պատասխանն էր ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Մայի Կոսյանչիչի հայտարարությանը, որը հույս էր հայտնել, որ Կարակասը կփոխի իր որոշումը Գերմանիայի դեսպանին արտաքսելու վերաբերյալ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վենեսուելան այս որոշումը կայացրել էր, քանի որ դեսպանը «շատ էր միջամտում երկրի ներքին գործերին»։

Կարակասը հայտարարել էր, որ 48 ժամ է տալիս Գերմանիայի դեսպանին երկրի տարաքծը լքելու համար։ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասն էլ իր հերթին հայտարարել էր, որ Բեռլինը որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Կարակասում իր դեսպանին։

Հիշեցնենք, որ Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.