ԱՄՆ Սենատն ընդունել է բանաձև, ըստ որի՝ պետք է դադարեցվի Եմենում կռվող կոալիցիային հատկացվող օգնությունը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանության է արժանացրել մի բանաձև, ըստ որի՝ Վաշինգտոնը պետք է դադարեցնի իր օժանդակությունը Եմենում ապստամբների՝ հուսիների դեմ կռվող կոալիցիային, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Բանաձևը Կոնգրեսի երկու պալատներին էին ներկայացրել անկախ սենատոր Բեռնի Սանդերսը, հանրապետական սենատոր Մայք Լին, դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին և մի շարք այլ կոնգրեսականներ։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 54 սենատոր, դեմ՝ 46-ը։ Բանաձևի ընդունման համար անհրաժեշտ էր ձայների մեծամասնությունը։

Այժմ փաստաթուղթը պետք է մտնի Կոնգրեսի ստորին պալատ։ Այստեղ հավանության արժանանալուց հետո նախագահ Դոնալդ Թրամփը 30 օր կունենան այն ստորագրելու համար։

Ինչպես ավելի վաղ հայտնում էր The Hill լրատվականը, Սպիտակ տունը պատրաստվում է վետո դնել բանաձևի վրա, քանի որ Ռիադին համարում է իր դաշնակիցը և օգնություն է տրամադրում Եմենում կռվող կոալիցիային։ Բացի այդ Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի հետ փոխանակվում է հետախուզական տեղեկություններով։

Նախորդ տարվա դեկտեմբերին Կոնգրեսն ընդունել էր նույնանման մի փաստաթուղթ, սակայն այն ժամանակ այն չէր ներկայացվել Ներկայացուցիչների պալատ, քանի որ ակնկալվում էր, որ փաստաթուղը չի ընդունվի ստորին պալատում։

Հիշեցնենք, որ 2014 թ. օգոստոսից Եմենում շարունակվում է կառավարական ուժերի և ապստամբ հուսիների հակամարտությունը: Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թ. մարտին, երբ հակամարտությանը միջամտել է Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան:

Նախորդ 2017 թ․ նոյեմբերի 29-ին Սանայում ընթացել են դաժան մարտեր, ինչի պատճառը Եմենի նախկին նախագահ Ալլահ Սալեհի կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ գրավելու հուսիների ցանկությունն էր։ Բախումների հետևանքով զոհվել էր մոտ 250 մարդ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015 թ․ գարնանից սկսած հակամարտության զոհ է դարձել ավելի քան 10 հազար մարդ, իսկ մարդասիրական օգնության կարիք ունի Եմենի բնակչության մոտ 70%-ը, կամ ավելի քան 21 միլիոն մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.