Ռուս պրանկերները Շվեյցարիայի նախագահի անունից զրուցել են Խուան Գուաիդոյի հետ (ձայնագրություն)

Ռուս պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) Շվեյցարիայի նախագահ Ուելի Մաուրերի անունից հեռախոսազրույց են ունեցել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի հետ։

«Մաուրերը» Գուաիդոյին առաջարկել է կալանք դնել Նիկոլաս Մադուրոյի միլիոնավոր դոլարների վրա, որոնք, իբր, պահվում են շվեյցարական բանկերում, իսկ հետո դրանք փոխանցել Գուաիդոյի հաշվին։

«Շվեյցարիայի նախագահը» նշել է նաև, որ Գուաիդոն իրավունք ունի տնօրինել այդ միջոցները որպես Վենեսուելայի ղեկավար։

Ընդդիմության առաջնորդը շնորհակալություն է հայտնել զրուցակցին ոչ միայն իր, այլ նաև Վենեսուելայի ժողովրդի անունից։ Նա նշել է, որ անպայման հարցում կուղարկի Մադուրոյի փողերի վրա կալանք դնելու համար։

Պրանկերները Sputnik-ի հետ զրույցում ասել են, որ ոգևորված Գուաիդոն անմիջապես լրատվամիջոցներին հայտնել է «Մաուրերի հետ ունեցած հեռախոսազրույցի և Մադուրոյի վարչակազմի հաշիվները սառեցնելու մասին»։

Շվեյցարիայի իշխանությունները պաշտոնապես հերքել են Գուաիդոյի խոսքերը։

Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.