Իրանն անցկացնում է խոշորածավալ զորավարժություններ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը) խոշոր զորավարժություններ է անցկացրել Պարսից ծոցի շրջանում՝ գործարկելով շուրջ 50 հարվածային անօդաչու սարք։ Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանն առաջին անգամ է անցկացնում զորավարժություններ, որոնց ընթացքում գործի են դրվում այսքան մեծ քանակությամբ անօդաչու սարքեր։

Բացի հարվածային RQ-170 սարքերից, գործարկվել են նաև մի շարք այլ տեսակի անօդաչու թռչող սարքեր։

Գործակալությունը գրում է, որ անօդաչուները կարող են հազար կիլոմետր անցնելուց հետո ճշգրիտ խոցել թիրախները։

Հիշեցնենք, որ Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին խոստացել էր կոշտ պատասխան տալ Իսրայելին, եթե վերջինիս ռազմածովային ուժերը փորձեն արգելափակել իրանական նավթի՝ ծովային ճանապարհով կատարվող առևտուրը։

Նա նշել էր, որ Իրանի զինված ուժերն ապահովելու են «միջազգային ծովային երթուղու անվտանգությունն իր նավերի և իր պատասխանատվության տակ ընկնող բոլոր սուբյեկտների համար»։

Իրանական նավերն արգելափակելու մասին մարտի 6-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա նշել էր, որ Թեհրանը փորձում է շրջանցել միջազգային պատժամիջոցները՝ իր նավթը ծովային մաքսանենգ ճանապարհով արտահանելով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.