Իսրայելը սկսել է հարվածներ հասցնել Գազայի հատվածի ահաբեկչական դիրքերին

Իսրայելի զինվորականները հայտնել են, որ, ի պատասխան Թել Ավիվի ուղղությամբ երկու հրթիռի արձակման, իրենք սկսել են հարվածներ հասցնել Գազայի հատվածում գտնվող ահաբեկչական դիրքերին։

«Իսրայելի պաշտպանության բանակը ներկա պահին հարվածներ է հասցնում Գազայի հատվածում գտնվող ահաբեկչական թիրախներին», - ասվում է իսրայելական զինված ուժերի տարածած հաղորդագրության մեջ։

Այսօր՝ մարտի 15-ին, իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերն սկսել են բնակչությանը նախազգուշական ազդանշաններ տալ Գազայի հատվածից սպասվող հնարավոր օդային հարձակման մասին։

Նախօերին Գազայի հատվածում գործող ծայրահեղականները երկու հրթիռ էին արձակել Թել Ավիվի ուղղությամբ, ինչը կրկին հանգեցրել էր օդային ազդանշանների միանալուն։ Իսրայելական կողմի փոխանցմամբ՝ տեղի ունեցածի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն գրանցվել։ Չի հասցվել նաև նյութական վնաս։

Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում՝ պաշտպանության նախարարության շենքում, այս պահին խորհրդակցություններ է անցկացնում ուժային կառույցների ղեկավար կազմի հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.