Պատրաստվում ենք դատական հայց ներկայացնել ԱՄՆ-ի դեմ․ Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին չի բացառում, որ կարող է միջազգային ատյաններում դատական հայց ներկայացնել Միացյալ Նահանգների իշխանությունների դեմ պատժամիջոցային քաղաքականության պատճառով։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով ISNA գործակալությանը։

«ԱՄՆ-ը մեր նկատմամբ սահմանել է ամենախիստ պատժամիջոցները։ Այն ազդել է մեր արժույթի վրա, աճել է ինֆլիացիան, սակայն մենք գլուխ ենք հանել։ Միացյալ Նահանգերը գնում է սխալ ճանապարհով, մենք պետք է պայքարենք։ Իրանի դատական իշխանությունները պետք է հայց ներկայացնեն ԱՄՆ-ի և այդ պատժամիջոցների հեղինակների դեմ մարդկության դեմ հանցագործություն կատարելու մեղադրանքով», - ասել է Ռոհանին՝ հավելելով, որ ԱՄՆ-ին չի հաջողվի «ծնկի բերել Իրանին»։

2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ:

Նախորդ տարվա մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից, ըստ որի Իրանը պետք է սահմանափակեր ուրանի հարստացման իր ծրագիրը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբեր ստեղծել։

Հատկանշական է, որ միջնորդ երկրները բազմիցս զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ նման որոշում կայացնելուց։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.