Աթենքում ՌԴ հյուպատոսության վրա նռնակ են նետել

Աթենքում Ռուսաստանի հյուպատոսության մուտքի մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա պայթուցիկ են նետել։ Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը 03։30-ի սահմաններում։ Նռնակը նետել են անհայտ անձինք, որոնք եղել են մոտոցիկլետով։ Իրավապահները հաղորդում են, որ տեղի ունեցածի հետևանքով ոչ ոք չի տուժել։

«Հասցվել է նյութական վնաս։ Հունաստանի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել», - հաղորդում է լրատվականի զրուցակիցը։

Ռուսաստանի հյուպատոսությունը գտնվում է Աթենքի հյուսիսային Հալանդրի թաղամասում։ Այս պահին հյուպատոսության տարածքը շրջափակված է։

Նմանատիպ մի դեպք տեղի էր ունեցել նաև 2016 թ․ նոյեմբերին Հունաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ Անհայտ անձինք նռնակ էին նետել դիվանագիտական ներկայացուցչության մուտքի մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա։

Հատկանշական է, որ Ֆրանսիայի դեսպանատունը գտնվում է Աթենքի ամենաանվտանգ թաղամասում։ Դեսպանատան մոտակայքում է գտնվում նաև Հունաստանի խորհրդարանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.