Սիրիան խստորեն դատապարտում է Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի հայտարարությունը

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Գոլանի բարձունքների վերաբերյալ։

Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պետք է ճանաչի Իսրայելի ամբողջական ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների վրա, քանի որ այն «ռազմավարական կարևորություն ունի» Թել Ավիվի համար։

«Սիրիան խստորեն դատապարտում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անպատասխանատու հայտարարությունը օկուպացված Գոլանի բարձունքների վերաբերյալ։ Այն կրկին ցույց է տալիս, որ Վաշինգտոնը կուրորեն աջակցում է սիոնիստական ագրեսիվ նկրտումներին», - ասվում է Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

Սիրիայի ԱԳՆ-ն նշել է նաև, որ Միացյալ Նահագները խախտում է միջազգային իրավունքը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի մի շարք բանաձևեր, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի 497-րդ բանաձևը, որն ապօրինի է համարում Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ձգտումները։

1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները Իսրայելի վերահսկողության տակ են անցել 1967 թ․ վեցօրյա պատերազմից հետո։ 1981 թվականին Քնեսեթն ընդունել է «Գոլանի բարձունքների մասին» օրենք, որով ամրագրվել է հրեական պետության ինքնիշխանությունը տվյալ տարածքի վրա։ Հենց այդ ժամանակ էլ Գոլանի բարձունքի բռնակցումն անվավեր է ճանաչվել  ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 497 թվակիր բանաձևով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.