Անհայտ անձինք հարձակվել են Խուան Գուաիդոյի ավտոմեքենայի վրա

Կարակասում անհայտ անձինք հարձակվել են Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին տեղափոխող ավտոմեքենայի վրա։ Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում կատարելով VPI TV-ին։

Հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են անհայտ անձինք հարձակվում Գուաիդոյի մեքենայի վրա, որն ընթացքի մեջ էր։ Լուսաֆորի մոտ նրանցից մեկը մոտենում է մեքենային, փորձում բացել դուռը, ապա ոտքով հարվածում դռանը։

Փողոցում հավաքված մարդիկ քարեր և այլ առարկաներ են սկսում նետել մեքենայի ուղղությամբ։ Գուաիդոյին հաջողվում է անվնաս հեռանալ։

Այս կապակցությամբ արդեն իր վրդովմունքն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

«Նման գործողությունները չեն կարող կանգնեցնել անխուսափելի զարգացումները՝ ժողովրդավարության խաղաղ վերականգնումը, կայունությունը և Վենեսուելայի ժողովրդի բարգավաճումը», - հայտարարել է Պոմպեոն։

Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.