«Արվեստարանի» լոշիկ. ստեղծելու ու երազանքներն իրականացնելու մոտիվացիա - Mediamax.am

exclusive
1775 դիտում

«Արվեստարանի» լոշիկ. ստեղծելու ու երազանքներն իրականացնելու մոտիվացիա


Լուսանկարը` Մեդիամաքս

Գրիշան
Գրիշան

Լուսանկարը` Մեդիամաքս

Դավիթը
Դավիթը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հասմիկ Թանգյանը
Հասմիկ Թանգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովհաննեսը
Հովհաննեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գրիշան, Ինգան եւ ուղեկցորդ Սոնյան
Գրիշան, Ինգան եւ ուղեկցորդ Սոնյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ուղեկցորդ Սոնյան, Դավիթը եւ Ինգան
Ուղեկցորդ Սոնյան, Դավիթը եւ Ինգան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանյան տներից մեկի բակում մեզ դիմավորում է Հասմիկ Թանգյանը եւ ուղեկցում առաջին հարկի մի սենյակ: Պատերին գույնզգույն դրոշակներ են, սենյակի մեջտեղում՝ մեծ սեղան, վրան՝ ալյուր, ջուր եւ աղ:

 

«Այսօր լոշիկներ ենք թխելու», - ժպտում է Հասմիկն ու ծանոթացնում ներսում սպասող չորս երիտասարդի՝ Ինգայի, Դավիթի, Գրիշայի ու Հովհաննեսի հետ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք «Արվեստարանում» ենք՝ ստեղծարար ներառական միջավայրում, որը հիմնվել է 2019թ.-ին: Տարիների աշխատանքի ընթացքում «Արվեստարանի» հիմնադիր Հասմիկը հասկացել է՝ այստեղ այցելող զարգացման առանձնահատկություններ ունեցող երիտասարդներին ոչ միայն թերապիա եւ ժամանց է պետք, այլեւ՝ աշխատանք՝ որոշ գումար վաստակելու, ավելի ինքնուրույն դառնալու համար:

 

2022թ.-ից «Արվեստարանի» լոշիկ անվան տակ սկսվել է գույնզգույն, միայն բնական բաղադրիչներից պատրաստվող լոշիկների արտադրությունը:

 

Ու քանի դեռ Գրիշան խմորի համար անհրաժեշտ չափումներն է անում, Ինգան խառնում է բաղադրիչները, կարատեիստ Հովոն սպասում է անհրաժեշտ պահին խմորը մի լավ «ծեծելուն», իսկ Դավիթը՝ հանգստանալուց հետո այն գրտնակելուն, Հասմիկը մեզ պատմում է նախագծի, եղած դժվարությունների, բայց հանուն մեծ նպատակի դրանք հաղթահարելու մասին:

 

Բաց միջավայր, ուր սպասում են բոլորին

 

«Արվեստարանը» հիմնադրել ենք 2019թ.-ին՝ որպես ստեղծագործական, ներառական միջավայր: Ես պարային թերապիստ եմ ու միշտ ցանկացել եմ ունենալ մի վայր, որտեղ աուտիզմ ու զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող մարդիկ կկարողանան մասնակցել ստեղծագործական գործընթացների: Գլխավոր նպատակը հենց ներառական միջավայր ստանալն էր, որովհետեւ մեզ մոտ գալիս են նաեւ զարգացման առանձնահատկություններ չունեցող երեխաներ եւ երիտասարդներ: Մենք բաց ենք ու սպասում ենք բոլորին, կարելի է ասել՝ նույնիսկ առանց տարիքային սահմանափակման:

Հասմիկ Թանգյանը Հասմիկ Թանգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արվեստարանում» գործում է 3-6 տարեկանների համար նախակրթարան, ունենք ծրագիր աուտիզմ ունեցող դեռահասների համար: Գործում են լուսանկարչության, պարային թերապիայի խմբակներ: Հնարավոր է մասնակցել նաեւ անհատական թերապիաների: Մեզ մոտ աշխատում են հոգեբան, լոգոպեդ, կան վարքային, պարային եւ արտ-թերապեւտներ: Ունենք բազմաթիվ կամավորներ, այդ թվում՝ արտերկրից:

Գրիշան, Ինգան եւ ուղեկցորդ Սոնյան Գրիշան, Ինգան եւ ուղեկցորդ Սոնյան

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արվեստարանում» պարբերաբար համերգներ կամ այլ միջոցառումներ ենք անցկացնում նաեւ լայն հանրության համար, ունենում ենք հյուրեր: Ինձ համար շատ կարեւոր է, որ սա լինի եւ մնա բաց միջավայր ու երբեք չվերածվի միայն զարգացման առանձնահատկություններ ունեցողների փակ համայնքի:

 

«Ո՞ւր է իմ աշխատավարձը, ինչո՞ւ պատվերներ չունենք»

 

«Արվեստարանի» առաջին լոշիկները «ծնվեցին» երկու տարի առաջ: Ամեն ինչ սկսվեց մեզ մոտ այցելող զարգացման առանձնահատկություններ ունեցող երիտասարդների ծնողների առաջարկից: Նրանք հասկանում էին, որ իրենց երեխաներն այլեւս փոքր չեն, երիտասարդներ են, որոնք ցանկանում են ունենալ զբաղվածություն, վաստակել սեփական գումար: Ցավոք, Հայաստանում այս առումով հնարավորությունները քիչ են, ու ծնողները պարզապես չգիտեն՝ մանկության, դեռահասության տարիքից հետո ի՞նչ առաջարկել սեփական երեխային: Չէ՞ որ այդ տարիքում միայն զվարճանքներն ու թերապիաներն այլեւս բավարար չեն:

 

Զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներից մեկի մայրը մեզ մոտ խոհարար էր աշխատում եւ առաջարկեց՝ կարող է երիտասարդներին լոշիկ թխել սովորեցնել: Այդպես էլ արեցինք, միայն թե ինչպես ամեն ինչում՝ ավելացրեցինք մի քիչ արվեստ (ժպտում է – հեղ.) եւ դասական լոշիկները դարձրեցինք գույնզգույն:

Լուսանկարը` Մեդիամաքս

Սա սոցիալական ձեռնարկատիրության փորձ էր ու ժամանակի ընթացքում շատ մարտահրավերների բախվեցինք: Եթե սովորական բիզնեսի դեպքում կարող էինք ունենալ մեկ-երկու աշխատակից, որոնք արագ-արագ կթխեին բազմաթիվ լոշիկներ, ու մենք դրանք կիրացնեինք, այս դեպքում հիմնական աշխատուժը չորս երիտասարդ է, որոնք ունեն աշխատանքի սեփական տեմպը, մոտեցումներն ու առանձնահատկությունները: Իհարկե, ամեն անգամ լոշիկ թխելիս մեզ օգնում են նաեւ ուղեկցորդներ, բայց, ամեն դեպքում, գործընթացը ժամանակատար է ու պատկերացրածից շատ ավելի ներդրում է պահանջում:

 

2022թ.-ից հետո ունեցանք բազմաթիվ դժվարություններ, այդ թվում՝ ֆինանսական: Կորցրեցինք «Արվեստարանի» նախորդ տարածքը, որոշ ժամանակով դադարեցրեցինք լոշիկների նախագիծը, բայց այս տարվա սկզբից հետ եկանք ու ամեն ինչ սկսեցինք նորից: Մտահղացումից հրաժարվելը շատ դժվար է, հատկապես, երբ կողքիդ երիտասարդներ են, որոնք ունեն սպասելիքներ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ժամանակի ընթացքում մեր քառյակը սկսեց գիտակցել սեփական իրավունքները, լինել պահանջատեր, հիմա իրենք պարբերաբար հարցնում են՝ «ինչո՞ւ պատվերներ չունենք», «ո՞ւր է իմ աշխատավարձը», «ուզում ենք աշխատել, պետք է պատվերներ գտնել»: Եթե այլ բիզնեսի դեպքում աշխատակիցները, հնարավոր է, լռեին, ամաչեին ու չխոսեին նման հարցերի մասին, մերոնք շատ ավելի բաց ու անկեղծ են (ժպտում է – հեղ.):

 

Այսօր թիմը բավականին ինքնուրույն է դարձել: Իհարկե, ամեն պատվերի դեպքում երիտասարդներին օգնում եմ ես ու եւս մեկ ուղեկցորդ, օրինակ՝ Սոնյան, որը երկար տարիներ Իսրայելում աշխատել է զարգացման առանձնահատկություններ ունեցող մարդկանց հետ: Մենք գտել ենք թիմի յուրաքանչյուր անդամի ուժեղ կողմն ու նրան վստահում ենք հենց այդ աշխատանքը:

Գրիշան Գրիշան

Լուսանկարը` Մեդիամաքս

Օրինակ՝ Գրիշայի մոտ շատ լավ ստացվում են հաշվարկները: Նա կշռում ու առանձնացնում է անհրաժեշտ բաղադրիչները, հետո գնդերի է բաժանում խմորը: Ինգան շաղախելու մասնագետն է. մանրակրկիտ խառնում է ալյուրը, աղն ու ջուրը: Երբ խմորը մի քիչ ավելի պնդանում է, գալիս է Հովոյի հերթը:

Դավիթը Դավիթը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա նախկին կարատեիստ է եւ շատ ուժեղ ձեռք ունի: Մի լավ «ծեծում է» խմորն ու այն ուղարկում ենք հանգստի: Դավիթի ուժեղ կողմն էլ գրտնակելն է: Գնդերիից հավասար, գեղեցիկ լոշիկներ է ստանում:

 

Հին հայկական լոշի բաղադրատոմսը

 

Մեզ համար սկզբունքային էր, որ լոշիկներն անպայման առողջ բաղադրատոմս ունենան, որովհետեւ հենց «Արվեստարան» եկող երեխաներից շատերին չի կարելի այս կամ այն հավելանյութը: Լոշիկները թխում ենք առանց խմորիչի՝ միայն ալյուր, աղ, ջուր եւ մի քիչ բուսական յուղ: Սա մեր հին հայկական, թումանյանական լոշի բաղադրատոմսն է:

 

Գույների համար օգտագործում ենք բանջարեղեն. կարմիր լոշիկում՝ բազուկի հյութ, դեղինում՝ գազարի, կանաչում՝ սպանախի: Ավելի վառ դառնալուց բացի, այսպիսով լոշիկները նաեւ յուրահատուկ համ են ունենում:

Ուղեկցորդ Սոնյան, Դավիթը եւ Ինգան Ուղեկցորդ Սոնյան, Դավիթը եւ Ինգան

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմնականում ստանում ենք դրական արձագանքներ: Լինում են մարդիկ, որոնց լոշիկները մի փոքր անալի են թվում, բայց մենք հատուկ շատ աղ չենք օգտագործում, որպեսզի լոշիկը հնարավոր լինի լցոնել ինչ-որ բանով, օրինակ՝ պանիր-կանաչիով ու այդպես ուտել:

 

«Փորձում ենք գտնել գործընկերներ»

 

Լոշիկները բավականին դժվար ենք իրացնում: Սկզբում թվում էր՝ խանութների հետ համագործակցությունը կստացվի, բայց երբեմն, երբ մարդիկ իմանում են, որ լոշիկները թխել են զարգացման առանձնահատկություններ ունեցող երիտասարդները, սա նույնիսկ ավելի է բարդացնում գործընթացը: Խոսքը ոչ թե խտրականության մասին է, այլ՝ կարեկցանքի: Մարդիկ, մեր մասին մտածելով, միանգամից ասում են՝ «կարող է չվաճառվել, դուք էլ վնասներ կկրեք». համագործակցությունը չի կայանում: Այս պահին մեր լոշիկների փաթեթները վաճառվում են միայն Երեւանի Կարապետ Ուլնեցու փողոցի մի փոքրիկ խանութում: Երկու-երեք շաբաթը մեկ պատվերներ ենք ունենում նաեւ «Բերքահավաք» ծրագրից: Լոշիկները հնարավոր է պատվիրել նաեւ անհատապես՝ գրելով ֆեյսբուքյան էջին: Այս առաքումների մի մասն իրականացնում են հենց մեր երիտասարդները՝ ուղեկցորդի հետ:

Հովհաննեսը Հովհաննեսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Փորձում ենք դիմել նաեւ սրճարաններին, ռեստորաններին: Այստեղ շատ կարեւոր է, որ սեփականատերը կիսի նույն արժեքները, քանի որ, ի վերջո, իրենք բիզնեսով են զբաղվում ու պարզապես հաշվարկում են՝ համագործակցությունը ձեռնտո՞ւ է, թե՝ ոչ:

Նախկինում «Արվեստարանի» լոշիկները կարելի էր համտեսել «Իլիկ» սրճարանում, բայց դրա փակվելուց հետո դեռ նոր կապեր չունենք: Ամեն դեպքում, չենք հուսահատվում եւ փորձում ենք գտնել նոր գործընկերներ:

 

Մամային հյուրասիրած լահմաջոն, «կամպյուտրանոցն» ու մոտիվացիան

 

Մեր երիտասարդները փոքր չեն, Հովոն 31 տարեկան է, Ինգան՝ 19, Գրիշան՝ 21, իսկ Դավիթը՝ 18: Լոշիկների նախագիծը նրանց առաջին աշխատանքն է, ինչ-որ բան ստեղծելու, դրանից հաճույք ու եկամուտ ստանալու առաջին փորձը: Նրանք շատ են կարեւորում այս հնարավորությունն ու գիտեն՝ «Արվեստարան» են գալիս ոչ թե ժամանցի, խաղալու կամ պարզապես մի բանով զբաղվելու համար, այլ՝ աշխատանքի: Երեւի, լավագույն աշակերտներն ու ամենապատասխանատու աշխատակիցներն են (ժպտում է – հեղ.):

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս փորձը նրանց ավելի ինքնուրույն է դարձրել: Հովոն, օրինակ, սկսել է միայնակ օգտվել հասարակական տրանսպորտից, գալ աշխատանքի, կարծում եմ՝ շուտով կսկսի նաեւ առաքումներ կատարել: Նրանք ստանում են թեկուզ փոքրիկ, բայց աշխատավարձ ու սովորում են օգտագործել այն: Վաճառքներից ստացված գումարի մի մասն ուղղում ենք անհրաժեշտ մթերքի գնման վրա, իսկ մնացածը՝ հավասար բաժանում երիտասարդների միջեւ: Նրանք շատ են ոգեւորվում դրանից ու կիսում այդ զգացումն ամենահարազատ մարդկանց հետ: Ինգան իր առաջին աշխատավարձն ընտանիքին է տվել, Դավիթը՝ հրավիրել մամային լահմաջո ուտելու: Հովոն ու Գրիշան էլ լավ ընկերներ են դարձել: Երբեմն, հանդիպում են նաեւ «Արվեստարանից» դուրս, զբոսնում, զրուցում ու, ինչպես իրենք են ասում, միասին գնում «կամպյուտրանոց»:

 

Երեւի, ամենակարեւոր նպատակը հենց սա էր: Օգնել երիտասարդներին գտնել իրար, գտնել մոտիվացիա՝ ստեղծելու, երազելու ու երազանքներն իրականացնելու համար:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին