Ինչո՞ւ «Իսլամական պետությունը» հարձակվեց Ռուսաստանի վրա - Mediamax.am

exclusive
1016 դիտում

Ինչո՞ւ «Իսլամական պետությունը» հարձակվեց Ռուսաստանի վրա


Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Ինչպես է կռվում ԴԱԻՇ-ը («Իսլամական պետությունը»). ռազմական մարտավարությունը Իրաքում, Սիրիայում, Լիբիայում եւ Եգիպտոսում» գրքի հեղինակ, պրոֆեսոր Օմար Աշուրի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար։

 

Օմար Աշուր

 

137 հանդիսատեսի սպանությունը Մոսկվայի մերձակայքում գտնվող Crocus City Hall համերգասրահում նորագույն չարագործությունն էր «Իսլամական պետության» եւ Ռուսաստանի արդեն մեկ տասնամյակ տեւող պայքարում:

 

Ձեռնոցը նետված էր 2015 թվականի սեպտեմբերի 30-ին, երբ Ռուսաստանը ներխուժեց Սիրիա՝ աջակցելու Բաշար ալ-Ասադի փլուզվող ռեժիմին: Ի պատասխան՝ մեկ ամիս անց ԴԱԻՇ-ի զինյալները մտան Եգիպտոսի Շարմ էլ Շեյխի օդանավակայան եւ ռումբ տեղադրեցին ռուսական Airbus-ում՝ սպանելով ինքնաթիռի բոլոր 224 ուղեւորներին եւ անձնակազմին:

 

2017 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը, որպես հատուցում, ոչնչացրեց ԴԱԻՇ-ի նախկին «ռազմական նախարար» Գուլմուրոդ Խալիմովին, որը նախկինում ղեկավարում էր Տաջիկստանի ՆԳՆ հատուկ ոստիկանական ստորաբաժանումը։

 

ԴԱԻՇ-ի սիրիական «գավառները» (օրինակ, այժմ գոյություն չունեցող Հոմսը եւ Ռաքքան) ռուսական կանոնավոր եւ ոչ կանոնավոր բանակների (ներառյալ «Վագների խմբի» վարձկաններին) հետ բախվել են տասնյակ մարտերում, որոնցից ամենանշանավորներն էին Պալմիրայի համար 2015, 2016 եւ 2017 թվականներին մղված ճակատամարտերը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար ամենանվաստացուցիչ բախումները տեղի ունեցան 2016 թվականի դեկտեմբերին, երբ ԴԱԻՇ-ի ուժերը հետ գրավեցին քաղաքը:

Լուսանկարը` REUTERS

2015-2024 թվականներին Ռուսաստանը աջակցում էր ԴԱԻՇ-ի երդվյալ թշնամիներից շատերին: Մասնավորապես, այն ռազմական եւ հետախուզական համակարգում էր իրականացնում «Հըզբոլլահի» հետ, քաղաքական աջակցություն էր ցուցաբերում ՀԱՄԱՍ-ին, ինչպես նաեւ քաղաքական, հետախուզական եւ, հնարավոր է, ռազմական օգնություն էր տրամադրում թալիբներին: Երեք կազմակերպություններն էլ կատաղի մարտեր էին մղում ԴԱԻՇ-ի «գավառների» հետ Լիբանանում, Սիրիայում, Գազայում եւ Աֆղանստանում։

 

«Վագների» խումբը եւ այսպես կոչված Աֆրիկայի կորպուսում նրա մնացորդները նույնպես կռվում էին ԴԱԻՇ-ի դեմ՝ Լիբիայում, Մոզամբիկում եւ Մալիում: ԴԱԻՇ-ի «Վիլայաթ Խորասանը», որի զինյալներին կասկածում են Crocus City Hall-ում ահաբեկչությունը կատարելու համար, հիմնականում գործում է Աֆղանստանում եւ Պակիստանում։ Այն պաշտոնապես ի հայտ է եկել 2015 թվականի հունվարին, երբ «Թալիբանի» եւ այլ խմբավորումների մի շարք նախկին անդամներ անդամագրվեցին ԴԱԻՇ-ին:

 

Ինչպես ԴԱԻՇ-ի մյուս համեմատաբար մեծ «գավառները», «Վիլայաթ Խորասանը» բրիգադի չափի ռազմական կազմակերպություն է, որը պատերազմ է մղում գրեթե բոլոր պետական եւ ոչ պետական ուժերի դեմ իր գործողության տարածքում եւ սահմանամերձ շրջաններում: 2021 թվականի օգոստոսին Քաբուլում Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամանակ այն մահապարտի միջոցով ահաբեկչություն իրականացրեց՝ սպանելով 13 ամերիկացի զինվորականի եւ առնվազն 169 աֆղանցու։ 2022 թվականի սեպտեմբերին այն հարձակվել էր Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան վրա (զոհվել էր դեսպանատան երկու աշխատակից)։ Ենթադրվում է, որ հենց «Վիլայաթ Խորասանն» է մահապարտների կրկնակի ահաբեկչություն իրականացրել Իրանում 2024 թվականի հունվարին՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակին նվիրված արարողության ժամանակ։

Լուսանկարը` REUTERS

Պատերազմը վարելու իր մեթոդներում ԴԱԻՇ-ը հմտորեն համատեղում է ավանդական, պարտիզանական եւ ահաբեկչական մարտավարությունը։ Այսպիսով, չնայած ԴԱԻՇ-ը շատերն են ատում, իսկ նրա հակառակորդները հսկայական թվային եւ ռազմական գերազանցություն ունեն, խմբավորումը ժամանակին կարողացել է գրավել ավելի քան 120 քաղաք, ավան եւ գյուղ հարավային Ֆիլիպիններից մինչեւ Արեւմտյան Աֆրիկա ընկած տարածքում, եւ դիմացել է պատերազմին, որն իր դեմ վարել է գրեթե 80 պետություն։ Շատ առումներով, 2014 թվականին Ռուսաստանի հիբրիդային ռազմական գործողությունները Ղրիմում եւ Դոնբասում ընդօրինակում էին ԴԱԻՇ-ի կողմից 2013 թվականին Ռաքքան եւ այլ քաղաքներ գրավելու մարտավարությունը:

 

Պուտինի վերընտրվելուց մի քանի օր անց դիակները եւ այրված համալիրը սոսկ սարսափելի պատկերներ չեն։ Դա անվտանգության թերացումների, հետախուզության ձախողումների, քաղաքական գերվստահության եւ գուցե շատ ավելի վատ բանի արդյունք է: Սակայն Կրեմլն ակնհայտորեն մտադիր է օգտագործել իր հսկայական քարոզչական մեքենան՝ հասարակական զայրույթը ուղղորդելու դեպի Ուկրաինա:

Լուսանկարը` REUTERS

Օրինակելի ցինիկ Պուտինը միանգամայն կարող էր թույլ տալ, որ Crocus City Hall-ում ահաբեկչությունը տեղի ունենար եւ այնուհետեւ օգտագործեր այն զանգվածային մոբիլիզացիա իրականացնելու, պատերազմին հանրային աջակցությունն ուժեղացնելու եւ իր իշխանության հակառակորդների գործունեությունը ավելի բարդացնելու համար:

 

Copyright: Project Syndicate, 2024.

www.project-syndicate.org

 

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

 

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին