Հայաստանի ԱԳՆ. Բրյուսելում կայանալիք հանդիպումը որեւէ մեկի դեմ ուղղված չէ - Mediamax.am

3043 դիտում

Հայաստանի ԱԳՆ. Բրյուսելում կայանալիք հանդիպումը որեւէ մեկի դեմ ուղղված չէ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահի, ԱՄՆ պետքարտուղարի եւ Հայաստանի վարչապետի նախատեսված հանդիպումը «նվիրված է լինելու առկա հարաբերությունների զարգացմանը եւ խորացմանը»։

«Հանդիպումն արժեքավոր հնարավորություն է քննարկելու Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգերին, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Ակնկալում ենք բովանդակային քննարկումներ ունենալ մեր միջև առկա քաղաքական երկխոսության, տնտեսական, էներգետիկ ոլորտներում Հայաստանի կարողությունների զարգացման, Հայաստանի առջեւ ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման շուրջ։ Որեւէ մեկի դեմ դրա ուղղված լինելու մասին պնդումները անտեղին, անհիմն և արհեստածին են», - ասել է  Անի Բադալյանը՝ Արմենպրեսի համար մեկնաբանելով պաշտոնական Բաքվի հայտարարությունները առաջիկա հանդիպման վերաբերյալ։

 

Նախօրեին Բաքվում մտահոգություն էին հայտնել, որ ապրիլի 5-ին կայանալիք Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի նախագահի եւ ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման օրակարգում ներառված է Երեւանին ռազմական աջակցության հարցը։

 

«Շուրջ 30 տարի լինելով զինված ագրեսիայի, օկուպացիայի եւ էթնիկ զտումների զոհ՝ Ադրբեջանը երբեք նման անվերապահ աջակցություն չի ստացել ԵՄ-ից եւ ԱՄՆ-ից»,- ասել էր Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին կայանալիք հանդիպումը։

 

«Մտահոգության մեկ այլ պատճառ է Ֆրանսիայի գլխավորած արշավը՝ ուղղված Հայաստանի ռազմականացմանը, որը ներառում է նոր խոստումներ՝ ավելացնելու ռազմական մատակարարումները, ներառյալ մահաբեր եւ հարձակողական զինատեսակները: ԵՄ անդամ մեկ այլ երկիր՝ Հունաստանը, վերջերս հայտարարություններ է արել Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու մասին։ Բացի այդ, Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու ծրագրերը եւ հաղորդագրություններն այն մասին, որ ապրիլի 5-ի հանդիպումը ներառում է ռազմական բաղադրիչ, լրացուցիչ անհանգստության պատճառ են դառնում եւ խաթարում են տարածաշրջանում խաղաղության կառուցելու ջանքերը», - ասել էր ադրբեջանցի դիվանագետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին