▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկսվեց այն, ինչից ավելի շատ վախենում էինք․ Հոխիկյան

Զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․

Դե ինչ, սկսվեց այն, ինչից ավելի շատ վախենում էինք։ Իրանը պաշտոնապես հարձակվեց Իսրայելի վրա, իսկ սա նշանակում է առճակատում ևս մեկ տարածաշրջանում' մեր տարածաշրջանում։

Արցախի գրավյալ Ջրականի ու Կովսականի շրջաններում կուտակված են իսրայելական հատուկ ծառայությունների զորքեր, ինչը նշանակում է Իրանի, Իսրայելի ու հետևաբար Ադրբեջանի, Թուրքիայի ռազմական բախում նաև Արցախում, եթե իհարկե, պատերազմը դառնա մասշտաբային։

Հուսով եմ, Հայաստանի զինված ուժերը արագ բերվում են բարձր մարտական պատրաստության վիճակի։

***

Հայր Տիրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Երուսաղէմ, Հայկական թաղամաս:
Նոր թարմացումներ։ Մենք ապահով ենք։ Զոհեր եւ վիրաւորներ չունենք։ Ամէն ինչ հանգիստ է։ Գնում ենք Սուրբ Յարութեան Տաճար՝ աղօթքի»։

***

«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աստծուն փառք զոհեր ու վիրավորներ մեր համայնքը չունի։
Ապրիլի 13֊14 գիշերն Իրանը արձակել էր 185 անօդաչու թռչող սարք, 110 բալիստիկ հրթիռ (երկիր-երկիր) և 36 թևավոր հրթիռ։ Հրթիռների մեծ մասն արձակվել էր Իրանից, մի մասը՝ Իրաքից և Եմենից:
Տագնապները հնչել էին երկրի մի քանի տասնյակ շրջաններում՝ հիմնականում հյուսիսում, Նեգևում, հարավային և երկրի արևելյան շրջաններում, կենտրոնը համեմատաբար հանգիստ էր:
Հրթիռի բեկորներից ծանր վիրավորվել է Նեգևում գտնվող բեդվինական համայնքից մի յոթամյա աղջիկը:
Բալիստիկ հրթիռների ճնշող մեծամասնությունն ոչնչացվել են Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Անօդաչուների մեծ մասը խոցվել են Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ինքնաթիռները:
Տեսանյութում Երուսաղեմի Ալ Ակսայի մզկիթի գլխավերևում խոցվող հրթիռներն են։
Տեղի են ունեցել նաև երկրի ներսում ահաբեկչական հարձակումներ։
Թիկունքի ծառայությունը երեկվանից չեղարկել է բոլոր ճամբարներն ու հավաքները, կրթական բոլոր հաստատությունները փակ են ոչ միայն արձակուրդի պատճառով։ Ցույցերն ու հավաքներն արգելված են։
ԱՄՆ նախագահն ու Իսրայելի վարչապետը քննարկել են դաշնակիցների հետագա անելիքներ»։

***

Իսրայելը հաջողությամբ հետ է մղել Իրանի հարձակումը, այս մասին X-ի իր էջում գրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն․ «Մենք որսացրինք իրանական թիրախները, հետ մղեցինք հարձակումը և միասին կհաղթենք»,- հավելել է նա։

***

Եվրոմիությունը խստորեն դատապարտում է Իսրայելի դեմ Իրանի անընդունելի հարձակումը, այս մասին սոցկայքի իր էջում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Սա աննախադեպ էսկալացիա է և լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար»,- նշել է նա։

***

Այս գիշեր Իրանն օդային լայնածավալ հարձակում է իրականացրել Իսրայելի ուղղությամբ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակումը Իսրայելի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ։ Իսրայելցի պաշտոնյաներն իրենց հերթին նշել են, որ արձակված ավելի քան 200 ԱԹՍ-ների ու հրթիռների 99 տոկոսը խոցվել է։

Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ վրեժ կլուծի Իսրայելից ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի հրթիռակոծության համար: Այդ գրոհի հետևանքով սպանվել էին մի խումբ իրանցի զինվորականներ, այդ թվում՝ երկու գեներալ:

Դիտեք նաև՝

***

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս գիշեր Մերձավորարևելյան ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԵՑ և… ԱՎԱՐՏՎԵՑ: Բոլորը գոհ են կամ գոնե ձևացնում են…, թե գոհ են…
Իրոք, Իսրայելը և ԱՄՆ-ն մի ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ արեցին Իրաքի, Հորդանանի ու Իսրայելի օդային տարածքում, որի նպատակը իրանական թռչող սարքերի որսն էր: Ընդհանուր առմամբ ոչնչացվեցին մի քանի հարյուր իրանական հարվածային միջոցներ, յուրայինները լավ պրակտիկա ստացան, իսկ հետախուզությունն էլ անգին տեղեկություններ հավաքեց իրանական հարվածային միջոցների մասին: Թեհրանում ևս կարող են գոհ լինել՝ յուրայինների համար լավ, թեև թանկարժեք հրավառություն կազմակերպեցին՝ ցույց տալով սեփական «անսասան վճռականությունը», քանզի տեղում քչերը կխորանան այն բանում, որ իրականում սա ցույց տվեց իրանական կողմի ՀԵՆՑ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ՝ ի համեմատ Արևմուտքի:
Ողջույն երեկ հրճվանք ապրող իրանամոլներին, որոնք այսօր հիասթափված շուրջբոլորն են նայում: ՈՏՔԻ ԵՄ ԿԱՆԳՆՈՒՄ և ՀԱՐԳԱՆՔՈՎ ԳԼԽԱՐԿՍ ԵՄ ՀԱՆՈՒՄ Արևմուտքի ուժի առջև՝ լայն իմաստով: Նեթանյահուն կփորձի խաղարկել այս հանգամանքը Իրանի դեմ, սա իրեն շատ պետք է, և Մերձավոր Արևելքը կշարունակի բախվել շահերի սովորական շրջապտույտում: Սա վատ էր նաև Կիևի համար՝ Արևմուտքում առանց այդ էլ արդեն շատերն են ուզում «թռնել» ուկրաինական թեմայից և ահա՝ հիանալի առիթ է ուկրաինացիներին ասելու. «Կներեք, մենք գնացինք, ավելի կարևոր գործեր կան»:
Մեզ համար` լավ էր, որ Իրանը չպայթեց և տարածաշրջանը չայրվեց, բայց… ՄԵՆՔ ԷԼ ՄՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԸՆԹԱՑԻԿ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ:
Բարի կիրակի բոլորին»:

***

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանական հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր Իրաքի և Սիրիայի տարածքով գիշերն ուղղություն են վերցրել դեպի Իսրայել։ Թեպետ իսրայելական ՀՕՊ համակարգերը կարողացել են որոշակիորեն չեզոքացնել հարվածները` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի տեղական ուժերի օգնությամբ, սակայն իրանական բազմաթիվ հրթիռներ և ԱԹՍ-ներ, այնումենայնիվ, հասել են թիրախին։
Իսրայելյան որոշ աղբյուրներ նշում են, որ չեզոքացման օպերացիայի վրա շուրջ մեկ միլիարդ դոլարին հասնող միջոցներ են ծախսվել։
Սա մերձավորարևելյան դիմակայության նոր փուլ է, որը այս պահին միահյուսված է հիբրիդային գործողությունների և ուղիղ հարձակման գործողություններով։
Իհարկե, մեծ տարածաշրջանային պատերազմը չի համապատասխանում տարածաշրջանի շահերին, բայց նոր գծվող սահմանները պահանջում են համարձակ գործողություններ, ինչը և անում է Իսրայելը` իր հովանավորների օժանդակությամբ, հիմա նաև` Իրանը։
Թեպետ դեռ վաղ է ուղիղ մեծ ռեգիոնալ պատերազմ կանխատեսելը»։

***

Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո չեղարկել է Իրանի դեմ պատասխան հարվածը, գրում է New York Times-ը:

Ըստ հրապարակման, Իսրայելի ռազմական կաբինետի մի քանի անդամներ կողմ են եղել պատասխան հարված հասցնելուն, սակայն Իրանի կողմից հասցված լուրջ վնասի բացակայությունը և Բայդենի հետ Նեթանյահուի զրույցից հետո հանգել են այն մտքին, որ այդ մտքից պետք է ետ կանգնել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին