▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են այսքան սիրուն ներկայացում բեմադրել»․ քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փոխվել է։ Մեր և հարակից տարածաշրջաններում նոր կարգեր ու նոր դաշինքներ են ձևավորվում։ Խաղը բազմամակարդակ է։ Ամենավերին օղակում ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Չինաստանն են պայմանավորվում, շոուն ապահովում են երկրորդ օղակի երկրները՝ կոնկրետ մեր տարածաշրջանում Իրանը, Թուրքիան ու Իսրայելը, դե իսկ գինը վճարում ամենաթույլերն ու անհեռատեսները։ Չթվարկեմ…
Միակ հուսադրողն այն է, որ կոնկրետ Հարավային Կովկասում այդ խաղի վերջնարդյունքներն դեռևս արձանագրված չեն։ Մեզ ինչ-որ բաներ դեռ կհասնեն։ Ցավոք, սուվերենության ևս մեկ մեծ չափաբաժնի հաշվին։ Բայց եթե որպես ազգ կարողանանք հետևություններ անել վերջին տարիների զարգացումներից, ապա ապագայի հետ կապված մեր շանսերը վատը չեն։ Հեչ վատը չեն»։

***

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես և ակնկալվում էր, ապրիլի 14-ի վաղ առավոտյան Իրանն սկսեց «Ազնիվ խոստում» կոդային անվանումով պատասխան ռազմագործողությունը, որի շրջանակում, ըստ մի շարք աղբյուրների, Իսրայելի դեմ արձակվել է 185 «Շահիդ» տեսակի ԱԹՍ, 110 բալիստիկ, 36 թևավոր հրթիռներ։ Արձակումներն իրականացվել են ոչ միայն Իրանի, այլև՝ Իրաքի և Եմենի տարածքներից։
Ըստ իսրայելական կողմի հավաստիացումների՝ իսրայելական, ամերիկյան, բրիտանական, հորդանանյան ՀՕՊ և օդուժերի կողմից արձանագրվել է խոցման 99%-անոց արդյունք։
Իրանական հարձակման հետևանքով որոշակիորեն վնասվել է Նեգևի անապատում տեղակայված Նևատիմ ավիաբազան, նույն շրջանում վիրավորվել է 7 տարեկան աղջիկ՝ խոցման բեկորների հետևանքով, ինչպես նաև բժիշկները 31 մարդու աջակցություն են ցուցաբերել՝ նյարդային շոկը հաղթահարելու համար։
Ինչպես երևում է վերոնշյալից, Իրան-Իսրայել ակնկալվող դիմակայության ամենամեծ բաղադրիչները քարոզչական և հոգեբանական հարթությունում են։ Որպես երկու կողմի համար կողմնակի արդյունք, իհարկե, կարելի է դիտարկել ռազմական փորձառությունը նման մասշտաբի օդային հարձակման և դրա կանխարգելման մակարդակներում։
Չնայած, որ ի սկզբանե էլ առավել կանխատեսելի էր հենց նման բնույթի իրանական գործողություն, ինչպես օրինակ, ԱՄՆ-ի դեմ 2020, 2024 թվականներին, այնուամենայնիվ, այս ողջ գործընթացում Իրանի համար ամենից մեծ անուղղակի ձեռքբերումը կարող է լինել քաղաքական, մարտավարական մակարդակում։ Խոսքը հատկապես ԱՄՆ-ի կողմից Իսրայելում իշխող ՆԵթանյահուի ծայրահեղական կառավարության վրա հավելյալ ճնշման լծակների աճի մասին է։ Քանի որ վերջին շրջանում իսրայելական կառավարությունն իր տարածաշրջանային, այդ թվում նաև հակաիրանական քաղաքականությամբ ակնհայտ կերպով դեմ է գնում նաև ԱՄՆ-ի շահերին։
Իրանին հնարավոր ռազմական պատասխանի դեպքում ԱՄՆ-ի կոմից Իսրայելին չաջակցելու նախազգուշացումը՝ հնչեցված Բայդենի շուրթերով, թերևս ամենաառարկայական ձեռքբերումն է Թեհրանի համար՝ այս վտանգավոր ճգնաժամը հաղթահարելու և մեծ պատերազմի մեջ ներքաշվելու հերթական սադրանքը կանխելու տեսանկյունից»։

***

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Ամփոփելով անցած գիշերվա իրանական վրիժառության պառասխան գործողությունը, պետք է նշել, որ հարվածի բնույթը եղել է սահմանափակ՝ ոչ թե պատերազմ Իսրայելի դեմ, այլ հենց պատասխան սահմանափակ հարված կոնկրետ իսրայելական ռազմական ենթակառուցվածքի Նեգևի անապատում։

Չնայած դրա սահմանափակությանը, կիրառվել են մեծաքանակ ԱԹՍ-ներ և մոտ մեկ-երկու տասնյակ հրթիռներ, ինչի արդյունքում թիրախը խոցվել է, չնայած իրանական հարձակման չեզոքացման նպատակով աշխատել են առնվազն չորս պետությունների՝ Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ՀՕՊ միջոցները։

Այժմ պայքարը շարունակվում է քարոզչական տիրույթում՝ նաև ապատեղեկատվական հսկայական հոսքերով, սակայն մի բան ակնհայտ է՝ իրանցիները շատ հստակ գիտակցում են, որ Մերձավոր Արևելքում, ցավալիորեն, հասկանում են միայն ուժի լեզուն, իսկ վրիժառությունը դիտարկվում է պարտադիր պայման բոլոր արժանապատիվ պետությունների համար»։

***

Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում Իսրայելի բանակի ներկայացուցիչ, փոխգնդապետ Փիթեր Լերներն ասել է, որ կառավարությունն այսօր արտահերթ նիստ կհրավիրի ու Իրանին պատասխանելու վերաբերյալ որոշում կկայացնի․ «Սպասում ենք, որ կառավարությունի քիչ ուշ նիստ կհրավիրի, որոշում կկայացնի և համապատասխան հանձնարարականներ կտա զինվորականներին»,- նշել է նա։

***

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելի դեմ իրանական հարձակումից ավելի շատ մարդկային կորուստներ է կրել Հորդանանը, քան Իսրայելը։ Իրանական անօդաչուի գործողության հետևանքով Հորդանանում արձանագրվել է 3 զոհ այն դեպքում, երբ Իսրայելում ծանր վիրավորվել է 1 աղջիկ երեխա...»։

***

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում չի վարանի` պաշտպանելու իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից։
Այս մասին Աբդոլահիանը նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

***

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին զեկուցել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հաջող գործողության մասին «Սիոնիստական ​​ռեժիմի դիրքերի դեմ»՝ ասելով, որ ԻՀՊԿ-ի «քաջարի ուժերը դաս են տվել սիոնիստ թշնամուն»։

«Ես ընդգծում եմ, որ Իրանի ազգի շահերի դեմ ուղղված ցանկացած նոր արկածախնդրություն կհանդիպի ավելի կոշտ և ափսոսանքի հանգեցնող պատասխանի»,- ասված է Ռաիսիի ուղերձում։

«Անցած գիշեր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը երկրի պաշտպանական և քաղաքական բոլոր հատվածների համագործակցությամբ և համակարգմամբ նոր էջ բացեցին Իրանի հզորության պատմության մեջ և դաս տվեցին սիոնիստ թշնամուն»,- ասել է Ռաիսին:

***

Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս գիշեր Մերձավորարևելյան ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԵՑ և… ԱՎԱՐՏՎԵՑ: Բոլորը գոհ են կամ գոնե ձևացնում են…, թե գոհ են…
Իրոք, Իսրայելը և ԱՄՆ-ն մի ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ արեցին Իրաքի, Հորդանանի ու Իսրայելի օդային տարածքում, որի նպատակը իրանական թռչող սարքերի որսն էր: Ընդհանուր առմամբ ոչնչացվեցին մի քանի հարյուր իրանական հարվածային միջոցներ, յուրայինները լավ պրակտիկա ստացան, իսկ հետախուզությունն էլ անգին տեղեկություններ հավաքեց իրանական հարվածային միջոցների մասին: Թեհրանում ևս կարող են գոհ լինել՝ յուրայինների համար լավ, թեև թանկարժեք հրավառություն կազմակերպեցին՝ ցույց տալով սեփական «անսասան վճռականությունը», քանզի տեղում քչերը կխորանան այն բանում, որ իրականում սա ցույց տվեց իրանական կողմի ՀԵՆՑ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ՝ ի համեմատ Արևմուտքի:
Ողջույն երեկ հրճվանք ապրող իրանամոլներին, որոնք այսօր հիասթափված շուրջբոլորն են նայում: ՈՏՔԻ ԵՄ ԿԱՆԳՆՈՒՄ և ՀԱՐԳԱՆՔՈՎ ԳԼԽԱՐԿՍ ԵՄ ՀԱՆՈՒՄ Արևմուտքի ուժի առջև՝ լայն իմաստով: Նեթանյահուն կփորձի խաղարկել այս հանգամանքը Իրանի դեմ, սա իրեն շատ պետք է, և Մերձավոր Արևելքը կշարունակի բախվել շահերի սովորական շրջապտույտում: Սա վատ էր նաև Կիևի համար՝ Արևմուտքում առանց այդ էլ արդեն շատերն են ուզում «թռնել» ուկրաինական թեմայից և ահա՝ հիանալի առիթ է ուկրաինացիներին ասելու. «Կներեք, մենք գնացինք, ավելի կարևոր գործեր կան»:
Մեզ համար` լավ էր, որ Իրանը չպայթեց և տարածաշրջանը չայրվեց, բայց… ՄԵՆՔ ԷԼ ՄՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԸՆԹԱՑԻԿ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ:
Բարի կիրակի բոլորին»:

***

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանական հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր Իրաքի և Սիրիայի տարածքով գիշերն ուղղություն են վերցրել դեպի Իսրայել։ Թեպետ իսրայելական ՀՕՊ համակարգերը կարողացել են որոշակիորեն չեզոքացնել հարվածները` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի տեղական ուժերի օգնությամբ, սակայն իրանական բազմաթիվ հրթիռներ և ԱԹՍ-ներ, այնումենայնիվ, հասել են թիրախին։
Իսրայելյան որոշ աղբյուրներ նշում են, որ չեզոքացման օպերացիայի վրա շուրջ մեկ միլիարդ դոլարին հասնող միջոցներ են ծախսվել։
Սա մերձավորարևելյան դիմակայության նոր փուլ է, որը այս պահին միահյուսված է հիբրիդային գործողությունների և ուղիղ հարձակման գործողություններով։
Իհարկե, մեծ տարածաշրջանային պատերազմը չի համապատասխանում տարածաշրջանի շահերին, բայց նոր գծվող սահմանները պահանջում են համարձակ գործողություններ, ինչը և անում է Իսրայելը` իր հովանավորների օժանդակությամբ, հիմա նաև` Իրանը։
Թեպետ դեռ վաղ է ուղիղ մեծ ռեգիոնալ պատերազմ կանխատեսելը»։

***

Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո չեղարկել է Իրանի դեմ պատասխան հարվածը, գրում է New York Times-ը:

Ըստ հրապարակման, Իսրայելի ռազմական կաբինետի մի քանի անդամներ կողմ են եղել պատասխան հարված հասցնելուն, սակայն Իրանի կողմից հասցված լուրջ վնասի բացակայությունը և Բայդենի հետ Նեթանյահուի զրույցից հետո հանգել են այն մտքին, որ այդ մտքից պետք է ետ կանգնել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին