▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես եկել եմ իմ տուն ու իմ տունը պահելու եմ. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարում

«ՀՀ անվտանգությունը բոլորիս խնդիրն է, Ոսկեպարի խնդիրը միայն ոսկեպարցունը չէ»,- Ոսկեպարում ելույթի ժամանակ հայտարարեց երգիչ Արսեն Գրիգորյանը՝ հավելելով, որ սա պարզապես տարածքի խնդիր չէ։ «Սա պատերազմ է մեր ինքնության դեմ, սա ծնկի բերելու խնդիր է, որը չի՛ հաջողվելու։ Սա իմ տունն է, ես ցեղասպանություն տեսած ընտանիքի զավակ եմ, հայրենադարձվել եմ, եկել իմ տուն ու պահելո՛ւ եմ այն»,- ասաց նա։

***

Ոսկեպարում ընթացող հանրահավաքի ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը․ «Յուրաքանչյուր՝ իրեն հայ զգացող մարդ իր վերաբերմունքը պետք է արտահայտվի այս ապօրինի սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ։ Դիմում եմ նախկին ու ներկա բոլոր զինվորականներին, դիվանագետներին, մշակույթի գործիչներին, բժիշկներին, դիրքորոշում չհայտնելը ինձ համար լինելու է պատճառ՝ որևէ ձևով իրենց հետ հարբեություն չունենալու։ Լավամարդի, վատամարդի ժամանակ չկա։ Բժիշկնե՛ր, դիվանագետնե՛ր, զինվորականնե՛ր, ոստիկաննե՛ր, ձեր դիրքորոշումը հայտնեք»։

***

Ոսկեպարցիների անունից ելույթ ունեցավ գյուղապետ Իշխան Աղբալյանը․ «Ոսկեպարցին ո՛չ է ասել միակողմանի զիջմանը, չի լինելու նման բան։ Ոսկեպարցին ո՛չ է ասում իր տան շեմով գիծ տանելուն, սահմանը չի՛ լինելու նրա բակում։ Ոսկեպարցիք գծել են էդ սահմանը՝ շփման գիծն է, որտեղ կանգնած է մեր հերոս զինվորը։ Ոսկեպարցին կանգնել է, կանգուն է մնալու»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Ոսկեպարում հանրահավաք է։

***

Վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե հույսներդ դրել եք որ Ոսկեպարում քոչարի պարելով փրկելու եք Տավուշը, ապա մի մոռացեք, որ Ստեփանակերտի հրապարակում էլ էին պարում, բայց վերջում Արցախը կործանվեց։ Դուք դասեր չեք քաղել իրավիճակից և զբաղված եք էժանագին ներկայացումների բեմադրմամբ։
Նիկոլին ու ալիևին չեն խանգարելու ձեր պարերը և շոուները…»։

***

Ոսկեպարը մեզ համար պիտի դառնա և արդեն դարձել է Հաղթանակի խորհրդանիշ։ Այս մասին այսօր Ոսկեպարում հավաքի ժամանակ ասաց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Ոսկեպարը մեծ խորհրդի արտահայտում է դարձել։ Այն պիտի դառնա և դարձել է խորհրդանիշ՝ Հաղթանակի խորհրդանիշ»,- ասաց Սրբազանը։

Նրա խոսքով՝ ոսկեպարցիները, տավուշցիներն իրենց կամքով ու վճռականությամբ են փաստում՝ հաղթանակ կարելի է ձեռք բերել՝ չընկրկելով, հոգեպես կուռ մնալով ու ճշմարտությանը հավատալով։

***

Ոսկեպարում հավաքի ժամանակ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հետևյալ հարցադրումն արեց. «2021 թվականին այն ճանապարհի վրա (Տավուշում-խմբ․), որի մասը, ինչպես իրենք են ասում, «մերը չէ», «Հայաստանինը չէ», պիտի հանձնվի, ՀՀ այդ ժամանակվա գործող ղեկավար, վարչապետի թեկնածուն (Ն․ Փաշինյանը -խմբ․) ոսկեպարցիներին ասե՞լ է, որ այս տարածքները պետք է հանձնվեն։ Ոսկեպարցինե՛ր, ձեզ ասվել է՝ գնացեք, ինձ ընտրեք, դուք ձեր գործն արեք, ես էլ իմը կանեմ։ Դուք ազնվորեն արել եք այդ քայլը։ Անցել է ընդամենը 3 տարի, և նույն մարդը այստեղ՝ Ոսկեպարում, եկել և ասել է՝ դուք ձեր գործն արեցի՞ք, ես էլ իմ գործն եմ անում․ այս տարածքները պիտի հանձնվեն։ Եթե ոչ, պատերազմ կինի։ Եթե հանձնենք, չեմ երաշխավորում, որ պատերազմ չի լինի, եթե չհանձնենք, չեմ երաշխավորում, որ պատերազմ չի լինի։ Հիմա սա սո՞ւտ է, կեղծիք ու խաբեությու՞ն է, թե՞ ոչ։ Հարց եմ տալիս ձեզ։ Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը գալ ու ահաբեկել սեփական ժողովրդին։ Նշանակում է՝ մենք իշխանություն չունենք»,- դիմելով ոսկեպարցիներին՝ ասաց Բագրատ Սրբազանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին