News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Հայբուսակ» համալսարանի արտասահմանցի ուսանողները (մեծ մասամբ՝ հնդիկ, կան նաև ուսանողներ Իրանից և Իրաքից) դժգոհում են, որ համալսարանը իրենց չի թողնում մասնակցել ավարտական քննություններին, հաղորդում է «Հետքը»:

Հնդիկ ուսանողները նշում են՝ համալսարանը ավարտական քննությունից առաջ որոշել է նախաթեստ (pretest) անցկացնել։ Քննությունից հետո պարզվել է, որ նախաթեստը ձախողած ուսանողները չեն կարողանա մասնակցել ավարտական քննություններին։

Ուսանողները դժգոհում են՝ ասելով, որ ոչ մի համալսարանում նման բան չկա, և նախաթեստ պետք է հանձնեն միայն արտասահմանցի ուսանողները։ Իսկ իրենց չեն զգուշացրել քննության կարևորության մասին, այլ ասել են՝ մի մտահոգվեք, սա սովորական քննություն է։

Ըստ մի շարք ուսանողների՝ իրենցից պարզապես գումար են ուզում ստանալ։

360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։

Ուսանողներից մեկը նշում է՝ իրենցից ոչ ոք դեռ գումարը չի վճարել, սակայն ակնհայտ է՝ համալսարանը գումար է ուզում։

«Ինչո՞ւ պետք է վճարեմ։ Հավելյալ կուրսերի համար 400 000 դրամ են ուզում... Դա ապօրինի քննությունն է, նախարարությանը չեն զգուշացրել։ Նախարարությունն է վերցնում քննություն, նախարարությունն էլ թող որոշի՝ ում է դիպլոմ տալիս»։

Մի քանի ուսանող ինքնավնասման փորձ է իրականացրել

Թեմայի մասին «Հետք»-ը նամակ էր ստացել հնդիկ ուսանող Ադեշից (անունը փոփոխված է)։

Ադեշը հայտնել էր, որ որոշ ուսանողներ՝ կապված քննությունը ձախողելու հետ, վատ հոգեբանական վիճակում են եղել և ինքնավնասման փորձ են արել։

«Խոսքը 3-4 ուսանողի մասին է, որոնք ինքնասպանության փորձ են կատարել (թույն, դեղեր)»,- գրել էր նա։

Ուսանողները մեզ հայտնեցին, որ նրանցից մեկն այժմ գտնվում է հիվանդանոցում։ Նրան այցելել են Ոստիկանությունից, և նա պատմել է, թե ինչու է դիմել այդ քայլին։

Այժմ ուսանողները որոշել են դիմել ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին և ԿԳՄՍ նախարարությանը։ Մեզ հետ հանդիպումից հետո ուսանողները գնացին դեսպանատուն։

«Ոչ մեկ իրանցից փող չի ուզում, կա նախապատրաստական պարապմունք, ուզում ես արի, չես ուզում՝ մի արի». Նարինե Մարտիրոսյան

«Նախաթեստը կատարվում է, որպեսզի մենք իմանանք՝ արդյոք ապագա շրջանավարտը պատրաստ է ավարտել բժշկական համալսարանը»,- ասում է «Հայբուսակ»-ի օտարերկրացի ուսանողների գծով տնօրենի տեղակալ Նարինե Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ ուսանողներին նախաթեստի մասին ասել են դեկտեմբերի վերջին, փետրվարին եղել է առաջին քննությունը, երկրորդը նախատեսվում է հունիսին։

Նարինե Մարտիրոսյանը վստահեցնում է՝ ամեն տարի իրականացնում են թեստը, սա առաջին անգամը չի, վերջին 5-6 տարում իրականացնում են։

«Հայտարարել ենք, որ թեստը կլինի փետրվարին, մեկուկես ամիս ունեցել են, իրենք 6-րդ կուրսի ուսանողներ են, վաղուց պետք է պատրաստ լինեին և՛ նախաթեստին, և՛ ավարտական քննությանը»,- նշում է նա։

360 ուսանողից քննությունը հաղթահարել է ընդամենը 140-ը։

«Խնդրել են մեկ այլ շանս տալ, հունիսին կլինի երկրորդ նախաթեստը, իսկ պետականը նախատեսվում է հուլիսին։ Ի՞նչ է նշանակում բժշկի համար զրո, ասում են՝ լուրջ չեմ վերաբերվել, չգիտեի, որ կարևոր է։ Ասում ենք՝ գնա, նորից պարապի, նախաթեստը հանձնի, միևնույն է՝ պետականի ես պատրաստվում, լրացուցիչ ստուգենք՝ պատրա՞ստ ես հանձնել, թե՞ չէ»,- ասում է Նարինե Մարտիրոսյանը՝ հավելելով, որ եթե երկրորդ նախաթեստն էլ ուսանողը չհանձնի, չի կարող գնալ պետական քննության։

«Հայբուսակ»-ի օտարերկրացի ուսանողների գծով տնօրենի տեղակալը նշում է, երբ երկու տարի առաջ փակվեց «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան»-ը, ուսանողներից 360-ին «Հայբուսակ»-ն ընդունեց։ Այն ուսանողներին, որոնք 6-րդ կուրսում էին սովորում, իջեցրել են 5-րդ կուրս.

«Չթողեցինք, որ ավարտեն, ստիպված ենք եղել իրենց 6-ը չավարտացնել։ Ինձ համար հանցագործություն է անորակ բժշկին տալ դիպլոմ»,- ասում է նա։

Այն դիտարկմանը, թե ուսանողները կարծում են, որ սա արվում է գումարի համար, Նարինե Մարտիրոսյանը պատասխանեց. «Նրանք, ովքեր վստահ չեն, որ կկարողանան հաղթահարել, ոնց որ բժշկական համալսարանն է կազմակերպում, նախապատրաստական կուրսեր են։ Չես կարողանում վիրաբուժությունը, այսքան վճարում ես, մայիսին արի դասընթացի։ Բոլոր համալսարանները, այդ թվում՝ մասնավոր բուհերն ունեն վճարովի դասընթաց կազմակերպելու իրավունք։ Եթե չեն ուզում, կարող են ինքնուրույն պարապել, հանձնել քննությունը։ Ինչի՞ պիտի վճարեն, եթե իրենք կարող են սովորել։ Ոչ մեկ իրանցից փող չի ուզում, կա նախապատրաստական պարապմունք, ուզում ես արի, չես ուզում՝ մի արի։ Ասում են՝ մենք ինչի՞ պետքա նորից քննություն տանք»։

Ըստ նրա, ուսանողները տեղյակ էին, որ եթե չստանան այս քննությունը, չեն կարողանա մասնակցել պետականին։

«Անորակ պրոդուկտ «Հայբուսակը» չի տալու… Նամակ են գրել, ասում են՝ 14 բալն ինչի՞ չի անցում։ Առաջին անգամ որոշեցինք, որ 30 բալից 18-ն է անցողիկ, բայց որ տեսանք մի քիչ շատ է իջնում, դարձրինք 15»,- ասում է Մարտիրոսյանը։

Խոսելով ինքնավնասման դեպքերից՝ տնօրենի տեղակալը հայտնեց, որ երկու դեպք է եղել. մեկը քնաբեր է խմել, մյուսը պեստիցիդ՝ թունաքիմիկատ։

«Առավել ևս իրավունք չունի բժիշկ աշխատելու հոգեպես անհավասարակշիռ մարդը։ Մենք չենք կարող հանցագործ ուղարկել, որ ծառայի Հնդկաստանի առողջապահական համակարգին»,- նշում է Ն․ Մարտիրոսյանը։

Տպել
Ամենաշատ