News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գեւորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են խոշտանգել։  Փաստաբանը պատմում է՝ 39-ամյա Գառնիկը առավոտյան՝ 10։30-ին հրավիրվել է ծանր հանցագործության գործով որպես վկա հարցաքննության, տվել է ցուցմունք, ինչից հետո քննիչը առաջարկել է հանել իր հագուստները, ինչին անձը չի համաձայնել, քննիչը դիմել է առգրավման տարբերակին, եւ ոստիկանները սկսել են հարկադրաբար վկային մերկացնել։  «3 ոստիկան եւ 2 օպերլիազոր անձին գցել են գետնին, իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին, որպեսզի անձը չշարժվի, եւ փորձել են ձեռքերն ու ոտքերը ոլորելով իր վրայից հանել հագուստները։ Սա 20-25 րոպեանոց միջադեպ եմ ներկայացնում, քննիչի աշխատասենյակում սեղանը շուռ տալով, աթոռները շուռ տալով, իրերը շուռ տալով, ինձ մի կողմ հրելով, երբ ես փորձում էի միջամտել, փորձում էին հագուստները հանել, այդ ընթացքում անձը հայտարարում է, որ ինքնազգացողությունը վատ է, ուշքը գնում է, խնդրում եմ, հորդորում եմ, որ դադարեցնեն ու շտապօգնություն հրավիրեն, մի 3-4 րոպե հետո կանչում են շտապօգնություն, եւ տեղափոխում են հիվանդանոց»,- նշում է նա։

Դեպքին ներկա են գտնվել նաեւ քննիչների ընթերակաները, որոնք ոչ միայն չեն միջամտել այլ նաեւ․ «Ընթերականերին մի քանի անգամ ասում են՝ տեսեք, որ ինքն իր գլուխը խփեց սեղանին, մենք չենք խփել, անձն իր գլուխը խփեց սեղանին , տեսեք, որ ձեզ հետագայում կանչեն ընթերականեր կան, դուք կասեք, որ ինքն է խփել, ընթերականներն ասում են՝ այո, մենք տեսանք, որ ինքն իր գլուխը խփեց սեղանին»։

Ըստ փաստաբանի՝ արդյունքում տղամարդն ստացել է մարմնական վնասվածքներ, սակայն իրեն եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից եկած խմբին այդպես էլ թույլ չեն տվել տեսակցել քաղաքացուն, արձանագրել նրա վնասվածքները, զրուցել նրա հետ։

Փաստաբանը վստահեցնում է՝ վերջին շրջանում հաճախակիացել են նմանատիպ ահազանգերը, սա, նրա խոսքով, երկրում եղած անպատժելիությունն է, որն էլ նոր հանցանքներ է ծնում։

Վահան Հովհաննիսյանը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։

Նշենք, որ դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը նշել է, որ քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, դեպքի ներկայացված նկարագրությունները բացարձակ մտացածին են։ «Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա, որը ծառայեցվում է որպես պաշտպանության տակտիկա։ Դրա ամբողջ իմաստը, առաջ ընկնելով, իրականությունը գլխիվայր շուռ տված ներկայացնելով, տեղի ունեցածի վերաբերյալ կանխակալ հանրային կարծիք ձեւավորելն է»,- նշել է նա։ Խոշտանգման մասին վերջին թարմ ահազանգը ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի դեպքն է։ Ըստ փաստաբանների հաղորդման՝ ոստիկանների հսկողության տակ գտնվող Սամվելին դիմակավորված անհայտ անձինք ծեծել էին, ծնկի բերել, ապա իջեցրել տաբատը։ Դեպքի առնչությամբ կա նախաձեռնված քրեական վարույթ։ Եթե վերջին առնվազն 10 տարում Հայաստանում չէր արձանագրվել ոստիկանության բաժանմունքում փաստաբանի նկատմամբ բռնության որեւէ դեպք, ապա 2023 թվականի առաջին կիսամյակում եղել է արձանագրվել է նման դեպք, փաստաբաններին բաժնում ծեծել էին, եւ միայն նրանց հաղորդումից հետո էր նախաձեռնվել քրեական վարույթ։

Տպել
Ամենաշատ