Անճարությունից մեծ ու պուճուր ճանապարհին են քնում, 96 տարեկան կինը ճանապարհ է փակում

Տավուշում շարունակվում են բողոքի ակցիաները՝ Ադրբեջանի հետ իշխանությունների իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ:  Բնակիչները համոզված են, որ խաթարվելու է իրենց անվտանգ ապրելու իրավունքը. թշնամին հայտնվելու է հայկական հողում։

Տավուշցիների բողոքի ակցիաներին զուգահեռ՝ երեկվանից հանրապետության մյուս մարզերի՝  Գեղարքունիքի, Արարատի, Շիրակի բնակիչները միացան բողոքի ակցիաներով՝ ի զորակցություն տավուշցիների։ Երևանում նույնպես իրականացվում են ակցիաներ, քաղաքացիները փակում են Երևանի կենտրոնական փողոցները։

168.amի հետ զրույցում մովսեսցի ազատամարտիկ Ղուկաս Խաչատրյանն իր մտահոգություններով կիսվեց Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ շեշտելով՝ եթե յուրաքանչյուր ոք իր տեղում լիներ, իր աշխատանքը կատարեր, այսօր այսպես չէր լինի։

Ղուկաս Խաչատրյանի փոխանցմամբ՝ այսօր Տավուշում անճարությունից ճանապարհ են փակել նաև ծերերն ու փոքրերը, ու հենց դրա համար ամաչում է, քանի որ երեխաները պետք է իրենց մանկությունը վայելեն, ծերերն էլ՝ իրենց վաստակած հանգիստը։

Կարդացեք նաև

«Մի անգամ մի քահանայի հետ էի զրուցում, հարցրեցի՝ տեր հայր, եթե լինի քիմիայի համալսարան և 100 տարի հետո այդ համալսարանը չտա մի ճանաչված քիմիկոս, ի՞նչ կլինի, քահանան պատասխանեց, որ դա ապուշություն կլինի։

Հիմա այսքան ժամանակ մեր պայքարը չտվե՞ց այդ առաջնորդին, մեր եկեղեցին չտվե՞ց այդ սրբին։ Ինչ ասեմ՝ աղոթենք, աղոթենք, որ հայ ազգը ծաղկի ու ոտքի կանգնի։ Խնդրում եմ, այս իրավիճակում ով ինչի ընդունակ է, թող դա անի, այսօր ամբողջ ազգը դարձել է քաղաքագետ։

Մեր ամոթն է, որ մեծ ու պուճուր ճանապարհին են քնում, 96 տարեկան ծեր կինը ճանապարհ է փակում, ես դրանից վիրավորվում եմ, իմ մայրն էլ է 96 տարեկան»,- նշեց ազատամարտիկը։

Մովսես գյուղը սահմանամերձ է՝ կպած  թշնամու դիրքին, ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա:  Ղուկաս Խաչատրյանի մեկնաբանությամբ՝ ստացվում է, որ, եթե որոշ մարդիկ չեն կարողանում պաշտպանել հողը՝ պետք է հանձնեն թշնամո՞ւն։

«Գիտեք, ինչից եմ վատ զգում, որ ծաղկուն Հայաստանն այսպես արեցին։ Գյուրջիևը մի լավ խոսք ունի, ասում է՝ այնպես ապրիր, որ թվա, թե երեք ժամից մահանալու ես, այսինքն՝ հնարավորինս շատ գործ արա։ Ես արդեն 54 ծառ եմ տնկել՝ թշնամու քթի տակ։ Երևանից մինչև իմ գյուղ հասնելը ճանապարհին աջ ու ձախ բերքատու ծառեր են, բա դրախտավայր Հայաստանում մարդ աղքատ կլինի՞, աղքատին հեշտ է վախեցնել, խաբել, ճնշել։ Սա ինչի համար եմ ասում, որ ամեն մեկս մեր հող ու ջրի համար մի քայլ անենք»,- շեշտեց Ղուկաս Խաչատրյանը։

Ազատամարտիկը որևէ կուսակցության անդամ չի, ասում է՝ ինքը միայն ու միայն հայկական հողին է պատկանում, իր բոլոր գաղափարները հայրենիքի հետ են կապված, թեև 2018 թվականին մեծ ոգևորվածությամբ է ընդունել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը գալը, համոզված լինելով, որ ժողովրդի ընտրած ղեկավարը չի կարող վատը լինել՝ 2020 թվականից հետո ճիշտ հակառակն է մտածում։

«Հանկարծ ձեր մտքով չանցնի, թե ես Նիկոլին ընդունում եմ, նա իմ ազգի թշնամին է։ Ես նրան սիրով էի ընտրել, բայց նա իմ ազգի վրեժը չառավ։ Դուք հիմա հային հարցրեք, ինքը հպա՞րտ է, որ հայ է, չէ, չի ասի, որ հպարտ է։

Հայի մեջ պետք է արթնանա հայի ոգին, մենք մեր հողի գինը չգիտենք, կարող ենք շատ պաթոսով խոսել, բայց չգիտենք հողի արժեքն ու գինը։

Ես աղավնիներ էի պահում՝ որպես խաղաղության խորհրդանիշ, պետք է ինքներս մեր ձեռքով կառուցենք մեր խաղաղությունը, ոչ թե թշնամու թելադրանքով»,- եզրափակեց Ղուկաս Խաչատրյանը։

Ի դեպ, Ղուկաս Խաչատրյանը 90-ականներին Տավուշի դիրքերում է եղել, այդ ժամանակ էլ՝ 1992 թվականին, նկարահանվել է նրա մասնակցությամբ հայտնի տեսանյութը, որտեղ ազատամարտիկն ասում է.

«Ում տեսնում ես, ասում են՝ սա քաղաքական պատերազմ է, դեբիլ-դեբիլ խոսում են, այ դեբիլ, բա 1915 թվականը ինչո՞ւ եք մոռացել, ի՞նչ քաղաքական պատերազմ։ Ամեն մի նորմալ հայ պետք է կանչեր՝ Աստված, տուր, տուր իմ վրեժի օրը, որ սրանց հերն անիծեմ, մոռացե՞լ եք՝ ինչ են արել 1920 թվականին՝ իմ պապերին կոտորել են։

Ես բան չունեմ, ունեմ զենք, ու ամենամեծ բանը՝ ես իմ հողի համար եմ կռվում, սա սուրբ պատերազմ է»։

Տեսանյութեր

Լրահոս