Ադրբեջանում անցկացվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե

 Այս տարվա սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում անցկացվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, հայտնում է  ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին։

 Ադրբեջանի ԿԸՀ-ի (Կենտրոնական ընտրական հանձնաժողով) տվյալներով՝ քվեարկությունն անցկացվել է 125 ընտրատարածքների 5627 ընտրական տեղամասերում, որոնք աշխատել են տեղի ժամանակով 08:00-ից մինչև 19:00-ն։ Ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել Ադրբեջանի ավելի քան 5,6 միլիոն քաղաքացի։

 Ադրբեջանի Հանրապետության անկախության օրոք սա երրորդ հանրաքվեն էր, որ անցկացվել է սահմանադրությունը փոփոխելու համար։ Այս անգամ սահմանադրական փոփոխությունը նախատեսում էր երկրի հիմնական օրենքի 29 հոդվածների փոփոխություն։ Դրանցից ամենակերևորը, թերևս, նախագահի պաշտոնավարման ժամկետը նախկին 5-ից 7 տարի դարձնելն էր և նախագահի թեկնածուների տարիքային սահմանափակման վերացումը։ Նախատեսվում էր նաև երկրի փոխնախագահի պաշտոնի ստեղծում և պատգամավոր դառնալու համար նախատեսված տարիքային շեմի իջեցում (նախկին 25-ի փոխարեն այժմ արդեն 18 տարեկան)։ 

  Համաձայն Ադրբեջանի ընտրական օրենսգրքի՝ հանրաքվեն վավեր է համարվում, եթե ընտրություններին մասնակցում է ընտրելու իրավունք ունեցողների ամենաքիչը 25%-ը։ Սահմանադրական փոփոխությունները համարվում են ընդունված, եթե փոփոխություններին կողմ է քվեարկում ընտրողների կեսից ավելին։ 

 Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի վերջնական արդյունքները կհայտարարվի հոկտեմբերի 21-ին։

 Հիշեցնենք, որ Ադրբեջանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ-ի նոյեմբերի 12-ին։ Այն փոփոխությունների է ենթարկվել երկու անգամ՝ 2002 թվականի օգոստոսի 24-ին և 2009 թվականի մարտի 18-ին՝ հանրաքվեների միջոցով։

 

Photo: Reuters

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.