Լիբիայի հարավում գտնվող ավիաբազայի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով ավելի քան 140 մարդ է զոհվել
Լիբիայի ազգային բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ երկրի հարավում գտնվող ավիաբազայի վրա կատարված զինված հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 140 մարդ։ Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը։
«Զինվորները վերադառնում էին զորահանդեսից։ Նրանք զինված չեն եղել և մեծամասնությունը զոհվել է», - ասել է լիբիական ազգային բանակի հրամանատարության ներկայացուցիչներից մեկը։
Նրա խոսքով՝ զոհեր են գրանցվել նաև խաղաղ բնակչության շրջանում, որոնք այդ ժամանակ գտնվել են ավիաբազայում կամ դրա մերձակայքում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաժը տեղի ունեցած հարձակման պատճառով աշխատանքից հեռացրել էր պաշտպանության նախարար Մոհամեդ Ալ-Բարղաթիին։
Մայիսի 19-ին Լիբիայի ազգային համաձանության կառավարությունը հայտարարել էր, որ ազգային բանակի ավիաբազայի վրա հարձակվելու հրաման չի տվել։
Լիբիայում այժմ երկիշխանություն է։ Երկրի արևմուտքում և մայրաքաղաք Տրիպոլիում իշխում է ազգային համաձայնության կառավարությունը, որին աջակցում է ՄԱԿ-ը և Եվրոպան, իսկ արևելքում իշխում է ընտրված ազգային ժողովը, որը համագործակցում է ազգային բանակի հետ։