Եվրամիության պաշտոնյաները Մեծ Բրիտանիային հորդորում են շտապել Բրեքզիթի բանակցությունները սկսելու հարցում

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ինչպես և ԵՄ-ի մյուս առաջնորդները, չարախնդորեն է ընդունել խորհրդարանական ընտրություններում Թերեզա Մեյի պարտությունը և զգուշագրել, որ գործարք կնքելու համար Մեծ Բրիտանիային տրված ժամանակը սպառվում է. գրում է Daily Mail-ը:
«Մենք չգիտենք, թե երբ են սկսվելու Բրեքզիթի բանակցությունները, բայց մենք գիտենք, թե դրանք երբ պետք է ավարտվեն»,- նշել է Տուսկը:
Անդրադառնալով այս հարցին՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հույս է հայտնել, որ Բրեքզիթի բանակցություններն «այլևս չեն հետաձգվի»:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ Պիեր Մոսկովիսին ասել է, որ պարտվելով ընտրություններում՝ Մեյը «տանուլ տվեց իր խաղադրույքը»:
Գերմանիան և Ֆրանսիան պնդել են, որ գործընթացը պետք է շարունակվի՝ անկախ նրանից, թե ինչպիսի կառավարություն է ձևավորվելու Մեծ Բրիտանիայում:
Գերմանացի խոսնակ Ուլրիքե Դեմերը նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է Բրեքզիթի բանակցությունները սկսելուն. «Ոչինչ չի փոխվել: Մենք հուսոով ենք, որ բանակցությունները կսկսվեն հնարավորինս շուտ»:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Եվրոպական խորհրդարանում Իտալիայի ներկայացուցիչ, Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքի առաջնորդ Ջանի Պիտելլան գովաբանել է Աշխատավորական կուսակցություն առաջնորդ Ջերեմի Քարբոնին ընտրություններում լավ արդյունք ցույց տալու համար, ինչպես նաև կոչ է արել Թերեզա Մեյին հրաժարական տալ: