Վենեսուելայում ԱՄՆ-ի ԿՀՎ-ի հետ կապ ունեցող զինված խումբը գրոհել է Գերագույն դատարանի և ոստիկանության շենքերը
Հունիսի 27-ի երեկոյան Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում զինված խումբը գրավել է ոստիկանական ուղղաթիռը, կրակ է բացել և նռնակներ նետել Ներքին գործերի նախարարության և Գերագույն դատարանի շենքերի ուղղությամբ, ապա հայտարարել նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի դեմ պայքարի սկիզբը և հեռացել անհայտ ուղղությամբ: Իշխանությունները սա ահաբեկչական հարձակում են համարել և սկսել դեպքի հետ կապ ունեցող անձանց հետախուզումը. այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով վենեսուելական աղբյուրներին։
ՆԳՆ-ի շինության հարձակմանը զուգահեռ համացանցում հայտնվել է խմբի ղեկավար սպա Օսկար Պերեսի տեսաուղերձը: «Նիկոլաս Մադուրո Մո՛րոս, մենք պահանջում ենք քո և քո նախարարների անհապաղ հրաժարականը և նոր ընտրությունների կազմակերպում»,- հայտարարել է նա:
Պերեսն իր խմբի անդամներին անվանել է ազգայնականներ, հայրենասերներ և պետական գործիչներ: Առայժմ հյատնի չէ, թե քանի մարդ կա նրա խմբում. տեսանյութում երևում են ևս չորսը՝ դիմակներով և զենքերով: Պերեսը, սակայն, չի թաքցրել դեմքը:
Խմբի ղեկավարի խոսքերով՝ իրենք անկուսակցական են և «պայքարում են ոչ թե զինված ուժերի մյուս կեսի դեմ, այլ անպատժելիության, բռնապետության, սովի, մոլեռանդության, իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդների մահվան դեմ»:
«Մենք օդային և ցամաքային ուժեր ենք տեղակայում միայն մեկ նպատակով՝ վերադարձնել իշխանությունը ժողովրդին և վերականգնել սահմանադրական կարգուկանոնը»,- հավելել է սպան:
Ինչպես նշում է Ռիա Նովոստի-ն, պարզ չէ, թե ինչ ուժերի տեղակայման մասին է խոսքը. դեռևս ոչ մի ակտիվություն չի նկատվում նրանց կողմից: Այդուհանդերձ, գործող իշխանություններն արագ արձագանք են տվել՝ Կարակասի փողոցներում զրահապատ մեքենաներ տեղակայելով: Խմբի հետախուզմամբ զբաղվում են նաև հատուկ նշանակության ջոկատները:
Ներքին գործերի նախարարության և Գերագույն դատարանի շենքերի վրա կատարված հարձակումների հետևանքով ոչ ոք չի տուժել, թեև օգտագործվել են նռնակներ և հրազեն:
Դիտորդների կարծիքով՝ Գերագույն դատարանի վրա կատարված հարձակումը բացատրվում է նրանով, որ այդ դատական մարմինը վաղուց գործադիր իշխանության կողմն է անցել՝ հաստատելով Մադուրոյի գրեթե բոլոր որոշումները: Իսկ ՆԳՆ-ի վրա կատարված հարձակումն ամենայն հավանկանությամբ կապված է Վենեսուելայում ցուցարարների հանդեպ իրավապահ մարմինների խիստ գործողությունների հետ:
Կապի և տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլյեգսի խոսքերով՝ հարձակումների ժամանակ օգտագործված ուղղաթիռը պատկանում է Վենեսուելայի ոստիկանության գիտական, քրեական և դատաբժշկական հետաքննությունների բաժնին և առևանգվել է Լա-Կարլոտայում Ֆրանսիսկո դե Մարինդիի անվան ռազմաօդային բազայից: Այն առևանգած Պերեսը կասկածվում է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) հետ կապ ունենալու մեջ:
«Նրա գործով հետաքննություն է անցկացվում ԱՄՆ-ի ԿՀՎ-ի և Կարակասում ամերիկյան դեսպանատան հետ կապի մեջ լինելու մեղադրանքով: Հետաքննվում են նաև ՆԳ նախկին նախարարի հետ նրա ունեցած կապերը, որը վերջերս հրապարակավ հայտարարեց ԿՀՎ-ի հետ ունեցած իր կապի մասին»,- ասել է նախարարը:
Վիլյեգեսն ընդգծել է նաև, որ այդ հարձակումները չեն խանգարի հունիսի 30-ին նշանակված ընտրության անցկացմանը, որով պետք է որոշվի սահմանադրական փոփոխությունների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմը: