ՆԱՏՕ-ի անդամ 15 երկիր լրացուցիչ զորքեր է ուղարկելու Աֆղանստան
ՆԱՏՕ-ի անդամ 15 պետություն հայտարարել է, որ հավելյալ զորքեր կուղարկի Աֆղանստան. դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Ես կարող եմ հաստատել, որ ՆԱՏՕ-ն ուժեղացնում է ռազմական ներկայությունն Աֆղանստանում: 15 պետություն արդեն հաստատել է հավելյալ ուժերի տեղաբաշխման մասին, ես այսօր ավելի շատ ակնկալիքներ ունեմ: Խոսքը ոչ թե մարտական առաքելությունների վերսկսման մասին է, այլ ազգային ուժերին աջակցելու և պատրաստելու ՆԱՏՕ-ի առաքելության ամրապնդման»,- ասել է Սթոլթենբերգն՝ ընդգծելով, որ հիմնական շեշտը դրվելու է աֆղանական հատուկ նշանակության ջոկատների, օդուժի, ինչպես նաև թիկունքային պաշտպանության և հրամանատարության ամրապնդման վրա:
Նրա խոսքերով՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հրամանատարությունն ընդհանուր առմամբ 4000 զինվորական է պահանջել:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է 100 զինվոր ուղարկել Աֆղանստան՝ հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության շրջանակներում:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ՆԱՏՕ-ն ավարտել է Աֆղանստանից մարտական ուժերի դուրսբերումը 2014 թ.: Այդ ժամանակից ի վեր երկրում վերահսկողություն են իրականացնում դաշինքի «Վճռական աջակցություն» առաքելությունը՝ 13,5 հազար մարդ: Դրա խնդիրների մեջ է մտնում աֆղանական ազգային անվտանգության ուժերի՝ ընդհանուր առմամբ 350 հազար մարդ, վերապատրաստում, թիկունքային պաշտպանության ամրապնդում և հետախուզական տվյալների ապահովում: Ազգային բանակի ֆինանսավորումը նույնպես իրականացվում է հյուսիսատլանտյան դաշինքի երկրների կողմից՝ տարեկան 5 միլիարդ դոլարի սահմաններում:
Չնայած այս միջոցառումներին՝ վերջին տարիներին Աֆղանստանում ակտիվացել է ըննդիմադիր «Թալիբան» շարժումը՝ մեծ հաջողությունների հասնելով երկրում և գրավելով տարածքի 40%-ը: Բացի այդ 2015 թ. Աֆղանստանում դիրքերն ամրապնդել են Իսլամական պետության հետ կապ ունեցող գրոհայինների խմբերը, որոնք պայքարում են ոչ միայն Քաբուլի իշխանությունների, այլև թալիբների դեմ: