Վենեսուելայում զինված խմբերը հարձակում են գործել ընդդիմության վրա

Հունիսի 30-ին մի քանի զինված խմբեր հարձակում են գործել Վենեսուելայի հյուսիս-արևելյան Լարա նահանգի Բարկիսիմետո քաղաքի հիվանդանոցի և «Դեմոկրատական միասնության դաշինք» ընդդիմադիր կոալիցիայի ներկայացուցիչների վրա. այս մասին տեղեկացրել է El National թերթի կայքը: Հաղորդված տվյալների համաձայն՝ այդ մարդիկ իշխանամետ աշխարհազորային խմբերի անդամներ են՝ առավել հայտնի որպես «կոլեկտիվոս»:

Սոցիալական կայքերում հրապարակված կադրերում երևում է, որ խմբավորման անդամները ծածկում են դեմքերը և քաղաքում շրջում են առանց համարանիշների ամենագնացներով: Որոշ տվյալների համաձայն՝ բացի ինքնաձիգներից նրանք նաև զրահաբաճկոններ ունեն. ոստիկանությունը չի խոչընդոտում նրանց գործողություններին:

Պատգամավոր Ալֆոնսո Մարկինան տեղեկացրել է, որ ուրբաթ՝ հունիսի 30-ին, Բարկիսիմետոյում երկու մարդ է սպանվել: Սակայն դեռևս հայտնի չէ՝ արդյոք «կոլեկտիվոս»-ը կապ ունեն նրանց մահվան հետ: Ազգային ժողովի անդամներից մեկը նշել է, որ կատարվածի համար պատասխանատու են իշխանությունները:

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբից Վենեսուելայում ընդդիմության կողմից խոշոր բողոքի ցույցեր են անցկացվում: Դրանց համար առիթ հանդիսացան Գերագույն դատարանի՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի լիազորություններն ընդլայնող և խորհրդարանի գործառույթները սահմանափակող որոշումը:

Այս ընթացքում մոտ 80 մարդ է զոհվել, տուժել են 1400-ից ավելին, որոնցից 300-ը՝ իրավապահ մարմիններ և Ազգային գվարդիայի աշխատակիցներ. ձերբակալվել է 3200-ից ավել մարդ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.